Արդեն մի քանի օր է, ինչ Ախալքալաքի բնակիչները դիմում են JNEWS-ի խմբագրությանը` խնդրելով ստուգել, թե ինչու է Ախալքալաքի քաղաքապետարանը արտագնա աշխատանքի մեկնելու համար գրանցվողներից հայկական անձնագիր պահանջում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները մտահոգված են, որ Ախալքալաքի քաղաքապետարանը երկիրը լքելու նպատակով գրանցվելու համար հայկական անձնագիր է պահանջում: Վրաստանի քաղաքացին, ով այսօր առավոտյան դիմել է JNEWS-ի գրասենյակ, մտահոգված է:
«Ինչի՞ն է պետք նրանց հայկական անձնագիրը, ի՞նչ է դա նշանակում: Ինչ է ուզում են բոլորիս դուրս գրել երկրից», – ասում է միջին տարիքի տղամարդը:
Քաղաքապետը չի ընդունում բնակիչների այն փաստարկը, որ նրանք երկրորդ անձնագիր չունեն: Ավելի վաղ քաղաքապետարանը սկսել էր տեղեկանքներ պահանջել բնակիչներից, ովքեր մեկնում են Հայաստան բուժման նպատակով: Նշենք, որ Նինոծմինդայի քաղաքապետարանը չի պահանջում որևէ տեղեկանք կամ հայկական անձնագիր` երկիրը լքելու նպատակով գրանցվելու համար: Այս մասին JNEWS-ին հայտնեց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը բացատրեց, որ հավաստիանալու համար լրացուցիչ փաստաթղթեր պահանջելը դա իրենց իրավասությունն է:
«Հայկական անձնագիրը պահանջվում է, որպեսզի մենք իմանանք, որ նրանք իրոք մեկնում են աշխատանքի կամ Հայաստանում հանգստանալու նպատակով և հետ են գալու: Շատերը գնացել ու հետ են եկել, մաքսակետերից զանգահարել էին, հայրերը եկան մեզ մոտ և ասացին՝ ոչինչ, մեր երեխաները սխալվել են, նրանք պարտավորություն են ստանձնել, որ այլևս չվերադառնան, իսկ հիմա նրանք վերադառնում են: Սա որոշվում է տեղում, կարգավորումը կատարվում է տեղում: Եթե քաղաքապետարանը գտնի, որ հավելյալ փաստաթղթեր են հարկավոր, ապա մենք դա էլ կպահանջենք, իսկ եթե ոչ, ապա՝ ոչ: Եթե չկա հայկական անձնագիր, ապա անհրաժեշտ կլինի տեղեկանք, որը կհաստատի, որ անձը մեկնում է աշխատելու, դա բավարար կլինի», – ասում է փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:
Ախալքալաքի բնակիչները սկսել էին այլ երկրների քաղաքացիություն ստանալ, որպեսզի կարողանային խոպան գնալ և այդպիսով պահել իրենց ընտանիքները: Կար մի ժամանակաշրջան, երբ Վրաստանը ավտոմատ կերպով զրկում էր Վրաստանի քաղաքացիությունից այն բնակիչներից, որոնց մոտ հայտնաբերվում էր այլ երկրի քաղաքացիությունը: Վրաստանի քաղաքացիությունից զրկումը լուրջ խնդիր է Ախալքալաքի շրջանի բնակիչների համար, ովքեր չեն ցանկանում ցույց տալ այս «գաղտնի» անձնագրերը, քանի որ պետական լեզու չիմացող բնակչության համար Վրաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը չնչին է:
Հիշեցնենք, որ փակ սահմանների պայմաններում երկիրը լքելու թույլտվությունը տրվում է բացառական դեպքերում:
Քրիստինե Մարաբյան