Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի վեցերորդ նիստին:

Կառավարական պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Ղարիբաշվիլիի և Վրաստանի կառավարական պատվիրակության միջև՝ Եվրահանձնաժողովում, Եվրախորհրդում, Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում:

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին առաջին հանդիպումը կանցկացնի Բելգիայի վարչապետի հետ:

Մարտի 16-ին, Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստից հետո, համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն Ղարիբաշվիլին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը և Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյան:

Մարտի 17-ին վրացական պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում:

ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում Ղարիբաշվիլիին կընդունի Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս, ինչպես նաև նախատեսված է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ: