80-ամյա Խաչատուր Մարտիրոսյանը ծայրահեղ աղքատության մեջ, կիսաքանդ տնակում միայնակ բնակվում է Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկում: «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են նրան:
Ամիսներ առաջ, կյանքի մայրամուտն ապրող ծերունին ըկնել է և վնասել մեջքը: Պապիկի խոսքերի համաձայն՝ արդեն 4-5 ամիս է անկողնային պառկած է: 80-ամյա ծերունին շնորհակալ է իր ադրբեջանցի հարևաններից և գյուղապետից, որոնք մշտապես օգնում են իրեն:
Խաչիկ պապիկի վատ վիճակի մասին JNEWS-ը տեղեկացել է Մառնեուլի հեռուստատեսությունից և սոցիալական ցանցերից և այդ մասին հայտնել «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամին: Հիմնադրամը տեղեկանալով, որ Խաչատուր Մարտիրոսյանը միակ հայն է, ով միայնակ և ծայրահեղ պայմաններում բնակվում է ադրբեջանական Ախլոլալո գյուղում, անմիջապես այցելել է նրան, որպեսզի տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին և հնարավորինի սահմաններում աջակցություն ցուցաբերի:
Խաչատուր Մարտիրոսյանը քաղաքացիություն, անձնագիր չունի, ըստ այդմ էլ նույնիսկ կենսաթոշակ չի ստանում: Նա 80-ականների Բաքվից գալով Վրաստան բնակություն է հաստատել ադրբեջանական գյուղում, անձնագիրը կորցրել է և այդպես էլ մինչև հիմա նորը չի վերցրել:
«Ջավախքը հայի կողքին» հիմնադրամը տաք հագուստ, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր է տարել:
«Հիմնադրամը մշտապես իր հոգատարության ու աջակցության ներքո կպահի Խաչիկ պապիկին: Մենք մտածում ենք, որ առաջին հերթին պապիկի փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծենք, այնուհետև որոշենք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը»,- ասում է «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի հիմնադիրներից Կարեն Պապիկյանը:
Մանրամասներին կարող եք տեղեկանալ հիմնադրամի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: