Այսօր` օգոստոսի 9-ին, Կոթելիայում հարգեցին 2008 թ.-ի օգոստոսյան պատերազմում զոհված զինծառայող Թամազ Մելիքիձեի հիշատակը: Նա 2008 թվականի օգոստոսի 6-ին ինքնակամ գնացել էր մարտական գոտի և զոհվել օգոստոսի 9-ի առավոտյան՝ ռմբակոծության հետևանքով։ Ընտանիքի անդամները համարում են, որ Ախալքալաքում պետք է լինի Թամազ Մելիքիձեի անվան հուշարձան:
Զոհվածի ընտանիքը այս պահին ապրում է Թբիլիսիում, սակայն ամեն տարի այցելում է գյուղ և բլրի վրա գտնվող գերեզմանատանը Ախալքալաքի շրջանի ղեկավարների և այլոց հետ միասին հարգանքի տուրք մատուցում:
Թամազը զոհվել է 32 տարեկանում։
«Զինվորական պարտքը կատարելուց հետո, պայմանագրային զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց գյուղում էր, անմիջապես գնաց և այսպիսի ողբերգական դեպք տեղի ունեցավ», – ասաց Կոթելիայի բնակիչ Օթար Ղավրելիշվիլին:
Այսօր Կոթելիա էին եկել Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլ պաշտոնյաներ:
Մելքոն Մակարյանի խոսքով, ամեն տարի այս օրը գալիս է Կոթելիա և հարգանքի տուրք մատուցում Մելիքիձեների ընտանիքին, բայց որպես քաղաքապետ այսօր նրա առաջին այցն էր։
«2008 թվականին Վրաստանը շատ բարդ շրջան ապրեց, պատերազմը թողեց իր դառը հետքերը, ունեցանք տարածքային և մարդկային կորուստ։ Մեր տարածաշրջանից, Կոթելիա գյուղի զավակ Թամազ Մելիքիձեն կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի։ Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները Թամազ Մելիքիձեի և բոլոր այն հերոսների ընտանիքներին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի և սերունդների ապագայի։ Թող չլինեն պատերազմներ, այսպիսի չարաբաստիկ պատմություն թող չունենա ոչ մի ազգ», – ասաց Ախալքալաքի քաղաքապետը:
Հերոսի այրին՝ Թեա Ջափարիձե-Մելիքիձեն պատմում է, որ մինչև պատերազմի սկսվելը իրենց ընտանիքն ապրում էր Գորիում, քանի որ Թամազ Մելիքիձեն պայմանագրային զինծառայող էր։ Պատերազմից երկու օր առաջ եկել էին հայրենի գյուղ հանգստանալու նպատակով, սակայն օգոստոսի 6-ի առավոտյան զանգ է ստացել, որ պետք է գնա, քանի որ ռազմական դրություն է երկրում:
«Օգոստոսի 9-ի առավոտյան մեզ ասացին, որ Թամազը մահացել է Գորիի ռմբակոծության ժամանակ», – նշում է նա հավելելով, որ ամուսնու մահից հետո, աշխատանքի է անցել Պաշտպանության նախարարությունում՝ շարունակելով ամուսնու կիսատ մնացած գործը։
Թամազ Մելիքիձեի անունով Ախալքալաքի տեղական իշխանությունները 2008 թ.-ի աշնանը վերանվանել են Պոգրանիչնայա փողոցը, Ախալաքալքի նախկին 14-րդ ավանում: Հերոսի անունը կրում է նաև Կոթելիա գյուղի հանրակրթական դպրոցը, որպեսզի սերունդները հիշեն ու հարգեն պատերազմի հերոսների հիշատակը։
Թամազ Մելիքիձեի կինը՝ Թեա Ջափարիձե-Մելիքիձեն համարում է, որ այդ պատերազմում զոհված շրջանի միակ հերոսի հիշատակը ավելի զանգվածային կերպով պետք է հարգվի: Նրա խոսքով, հուշարձան կանգնեցնելու նրանց բազմաթիվ խնդրանքներն ու դիմումներն անտեսվել են:
«Ամեն տարի այս օրը գալիս են քաղաքապետարանից, հարգանքի տուրք մատուցում, բայց հարգանքը մեկ օրով չեն ցույց տալիս, 14 տարի է պայքարում ենք, որ հուշարձան դնեն գյուղում, բայց ապարդյուն, հարցը բարձրացնում ենք, խոստանում են, որ կանեն, գնում են և մոռանում։ Իմ համար չի զոհվել, հայրենիքի համար է զոհվել, շրջանի միակ հերոսն է, հուշարձան դնեն միջոցառում կազմակերպեն, բոլորը ճանաչեն և իմանան, որ Ախալքալաքում նույնպես 2008 թվականին զոհված հերոս ունենք», – ասաց Թեա Ջափարիձե-Մելիքիձեն:
Կոթելիայի գյուղապետ Մալխազ Աչիլաշվիլին ասում է, որ հուշարձան կանգնեցնելու հարցը ամեն տարի քննարկվում է:
«Սա մի քանի տարվա պատմություն ունի, մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան, խոստանում են, որ կվերանայեն հարցը, բայց մինչ այսօր ոչ մի բան չի իրականացվել», – ասում է նա:
Քաղաքապետ Մելքոն Մակարյանը, մեր հարցին, թե ինչո՞ւ է անտեսվում այս հարցը պատասխանեց, որ տեղյակ չէր, որ տվյալ հարցը եղել է տեղական իշխանության օրակարգում և խոստացավ վերանայել դիմումներն ու փաստաթղթերը:
Թամազ Մելիքիձեն ծնվել է Կոթելիա գյուղում 1976 թվականին, սովորել է գյուղի հանրակրթական դպրոցում: Պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո, անցել է պայմանագրային ծառայության: Զոհվել է 2008 թ.-ի օգոստոսի 9-ի առավոտյան, Գորիում ռմբակոծության հետևանքով: