Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց կողմնակիցները «Ազատության քայլերթ» են անցկացնում: Մի քանի հազար մարդ Ռուսթավելիի պողոտայով ուղղվում է դեպի Վրաստանի խորհրդարան:
Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկանոր Մելիայի ազատ արձակումը և նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը:
Ընդդիմության առաջնորդներն ու նրանց աջակիցները կեսօրին սկսել էին հավաքվել քաղաքի կենտրոնի տարբեր մասերում, իսկ 13:00-ին նրանք սկսել են երթը: Ցուցարարների շարքերը ձգված են երեքից չորս կիլոմետր: Ցուցարարները վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Կեցցե Վրաստանը», «Նիկա»:
Ցուցարարների ձեռքերում ծածանվում են Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշները, ինչպես նաև փուչիկներ և պաստառներ:
Ակցիային միացել են նաեւ Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներ՝ Իմերեթիից, Շիդա Քարթլիից, Սամեգրելոյից: Նրանց այսօր առավոտյան միկրոավտոբուսներով կազմակերպված տեղափոխել են Թբիլիսի: