«Վրացական երազանքը պատրաստ է համաձայնության՝ արդար պայմաններով», – հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

«Ես ուզում եմ ձեզ շատ հստակ ասել, որ «Վրացական երազանքը» պատրաստ է համաձայնության արդար պայմաններով… Մենք նաև գնահատում ենք մեր կողմնակիցների ընտրությունը և, իհարկե, ցանկանում ենք հասնել համաձայնության, որը մեր երկրում կապահովի կայուն, երկարաժամկետ քաղաքական համագործակցությունը», – հայտարարել է Թալակվաձեն:

Վերջինիս խոսքով՝ Վրաստանը վայելում է Եվրամիության մշտական աջակցությունը, և գործընկերների մասնակցությունն այս երկխոսության մեջ արտացոլում է այդ աջակցությունը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնն այսօր հանդիպել է «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Շալվա Պապուաշվիլին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը և Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը:

Քրիստիան Դանիելսոնն այժմ հանդիպում է «Ազգային շարժման» ներկայացուցիչների հետ: