Գտնվել է այն առաքիչ ընկերությունը, որի աշխատողները Ախալքալաքում իրականացրել էին սննդամթերքի կեղծում, այսինքն փոխել էին «հավի թևիկների» պիտակները, ժամկետանց ապրանքը վաճառելու նպատակով:

Jnews.ge խմբագրությունը տեղեկություն ստացավ Վրաստանի սննդամթերքի անվտանգության Գործակալության կողմից անցկացված ստուգումների մասին, որ կեղծող կազմակերպությունը գտնվել է և տվյալ գործով զբաղվում են օրինապահ մարմինները:

Սամցխե-Ջավախքի սննդամթերքի անվտանգության Ազգային Գործակալության տարածաշրջանային բաժնից ստացած տեղեկատվության համաձայն, մեր կողմից տրված` կեղծարարության մասին տեղեկատվությունից հետո, Գործակալության աշխատակիցները անմիջապես անցել են գործի: Արդյունքում ստուգվել են Ախալքալաքի 12 «բիզնես օպերատորներ»: «Բիզնես օպերատորներից» մեկի մոտ հայտնաբերվել է տարբեր տեսակի ժամկետանց արտադրանք, ինչպես նաև «հավի թևիկներ», որոնց պիտակները վրացերեն լեզվով չեն եղել: Հետևյալ սննդամթերքը փորձագետների կողմից կնքվել է ու կազմվել վարչական իրավախախտման արձանագրություն:

Մեկ այլ բիզնես օպերատորի մոտ փաստաթղթերի ստուգման ժամանակ գտնվել են այդ «թևիկները», սակայն, ինչպես բացատրել է երկրորդ բիզնես օպերատորը, հետևյալ «թևիկները» հանվել են վաճառքից, փաթեթավորվել ու կողքի են դրվել, այն բանից հետո, երբ վաճառողները համացանցից տեղեկացել են սննդամթերքի կեղծման մասին:

Գործակալության աշխատակազմը ստուգումների արդյունքում հայտնաբերել է, որ այդ «հավի թևիկները» ձեռք են բերվել «Ռաբաթ» ՍՊԸ-ի կողմից: Գործակալության աշխատակիցները պարզել են «Ռաբաթ» ՍՊԸ-ի մասին տեղեկությունը Արդարադատության Նախարարության Ազգային գործակալության հանրային ռեեստրից: Կազմակերպության գործունեության ոլորտն է` միս և մսային արտադրանքներ, կենդանական ծագում ունեցող կիսաֆաբրիկատներ և այլ կենդանական ծագման արտադրանքներ, հավի միս, հավի ոտքեր, պաղպաղակ, առաքիչ ցանցի և պահեստների սառնարաններ:

«Այս տարվա մարտի 15-ին, Ծառայության լիազորված անձանց կողմից իրականացվել է բիզնես օպերատոր ՍՊԸ «Ռաբաթի» փաստագրական ստուգում, առաքիչ մեքենայում հայտնաբերվել են «Հավի թևիկներ» երեք տարբեր պիտակներով, տարբեր պիտանելիության ժամկետներով: Ապրանքը արդեն կնքված է և կազմվել է իրավախախտման արձանագրությունը (Վրաստանի օրենսգրքի` անասնաբուժական և բույսերի պաշտպանության և սննդի անվտանգության, 74-րդ հոդվածի, 2-րդ կետի համաձայն): Ստեղծված իրավիճակով հետաքրքրված են իրավապահ մարմինները», – ասված է հայտարարության մեջ:

Քրիստինե Մարաբյան