Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման կողմից հայտարարված սննդամթերքի գնման տենդերները կայացել են: Սակայն, դեռևս հայտնի չէ, արդյոք մանկապարտեզները կբացվեն մարտի 1-ից:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը, փետրվարի 9-ին, սննդամթերքի ձեռքբերման 5 տենդեր է հայտարարել: Տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, Միավորման սննդի համար նախատեսված գումարը շատ փոքր էր, և նրանք հազիվ էին տեղավորվել իրենց հաշվարկներում:
Սակայն, տենդերը շահած ընկերություններն էլ ավելի են իջեցրել ձեռքբերման գինը, և Միավորումում ցանկանում են վստահ լինել, որ երեխաների համար սննդամթերք մատակարարողները անորակ մթերք չեն մատակարարի:
«Ընկերությունները շատ են իջեցրել գները, մենք այնպես էլ հաշվարկել էինք նվազագույն չափով: Ես պահանջել եմ նմուշներ, ստուգելու այդ սննդամթերքների որակը: Եթե որակն ինձ դուր չգա, ես չեղյալ կհայտարարեմ տենդերները: Ես չեմ կարող երեխաներին անորակ սննդով կերակրել։ Կան ապրանքներ, որտեղ նախնական գնից իջեցվել են ավելի քան 20%֊ով, չնայած նրանք կարող են փորձագիտական եզրակացություն բերել, բայց ես կստուգեմ », – ասում է Անահիտ Ասատուրյանը:
Սննդամթերքը Միավորումը գնում է շրջանի 13 մանկապարտեզների համար, որոնցից 4-ը բացվելու են առաջին անգամ, իսկ 9-ը գործող մանկապարտեզներն են:
Արդեն կայացել է հացի, շաքարավազի, կակաոյի, մակարոնեղենի, վերմիշելի, թեյի, աղի և կանաչեղենի տենդերը: Այս մթերքների համար հատկացվել է 69 994 լարի: Տենդերը 64 815 լարիի չափով շահել է «Ցոտնե Դեվելոփմենթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը նախնական գումարը իջեցրել է 7,4%:
Միս գնելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 100 234 լարի, տենդերը շահել է ՍՊԸ «Դեվելոփմենթ գրուպ» ընկերությունը 83 606 լարիի չափով: Ընկերությունը նախնական գնից գումարն իջեցրել է 16,6% -ով:
Բրինձ, բանջարեղեն և մրգեղեն գնելու համար հատկացվել է 48 237 լարի: Տենդերը 38 395 լարիով շահել է «Ցոտնե Դեվելոփմենթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը գումարը կրճատել է 20,4% -ով:
Մանկապարտեզների համար հավկիթ գնելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 8032 լարի: Տենդերը 6885 լարիի չափով շահել է «Ցոտնե Դեվելոփմենթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը գումարը իջեցրել է 14% -ով:
Կաթնամթերք գնելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 110 114 լարի։ Տենդերը 96 165 լարիի չափով շահել է անհատ ձեռներեց Թինաթին Գորգիձեն։ Գումարը իջեցվել է 12,7% -ով: