Այսուհետ Գերմանիայում սեզոնային աշխատանքի մեկնել ցանկացողներին գրանցման հարցում կօգնեն Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները։
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, քաղաքացիները կարող են դիմել Ախալքալաքի քաղաքապետարանի վարչությանը կամ փոխքաղաքապետին:
«Բնակիչները պետք է մեզ դիմեն, կարող է դիմել կա՛մ անհատը, կա՛մ խումբը, մենք կօգնենք փաստաթղթերը կազմել, ներկայացնել, որպեսզի ժամանակն իմանան, թե երբ և ինչպես կարող են գնալ։ Բնակիչները կարող են դիմել՝ Արմեն Մառանգոզյանին կամ քաղաքապետարանի վարչություն։ Լեզվի իմացությունը պետք է տարրական մակարդակի, շփման համար, խմբի մեջ, եթե գոնե մեկը իմանա տարրական բաները, էլի ընդունելի է, կամ անգլերեն կամ գերմաներեն։ Մարդկանց քանակը սահմանափակ չէ, ըստ մեզ տրամադրված տվյալների, մոտ 300 000 մարդ Վրաստանից կարող է գնալ։ Ինչքան դիմում լինի, հնարավոր է բավարարել բոլորին, եթե ուրիշ խոչընդոդներ չլինեն», – նշում է Ախալքալաքի քաղաքապետը։
Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ մարդիկ կարող են Գերմանիայում սեզոնային աշխատանք կատարել գյուղատնտեսության ոլորտում:
Զբաղվածության տևողությունը մեկից երեք ամիս է: Սեզոնային աշխատանքները՝ բերքահավաքը մեկնարկում է ապրիլի մեկից:
Սեզոնային աշխատանքի դիմողները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
• Պետք է լինի Վրաստանի քաղաքացի
• Տարիքը՝ 18-ից 60 տարեկան
• Նախքան Գերմանիա մեկնելը, երեք ամիս չի մեկնել Շենգենյան գոտի
• Ֆիզիկապես առողջ է
• Աշխատանքային փորձ ունի բերքահավաքում և մոտիվացված է
• Որևէ պատճառի (խախտման) բացակայություն, որը սահմանափակում է երկիր մուտք գործելը:
• Գերմաներենի կամ անգլերենի տարրական հաղորդակցման հմտություններ (խմբային աշխատանքի դեպքում անհրաժեշտ է, որ առնվազն մեկ անդամ պետք է կարողանա հաղորդակցվել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով): Լեզվի հմտությունների պահանջը որոշում է գործատուն:
Վրաստանի քաղաքացիների Գերմանիայում ժամանակավորապես օրինական աշխատելու համար գրանցումն սկսվում է փետրվարի 15-ից:
Գրանցումը հնարավոր է ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանք փնտրողն առաջին անգամ գրանցվելու է գրանցման հատուկ կայքէջում` https://workabroad.moh.gov.ge/: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 1505 հեռախոսահամարով: