նորություններ 17 Հունիսի, 2026 • Ոռոգման ջուր ու անասնապահական ճգնաժամ. Մաջադիա գյուղի հիմնախնդիրները

Ոռոգման ջրի պակաս, անասունների գլխաքանակի նվազում ու արտագնա աշխատանքի մեկնող բնակիչների զանգվածային արտահոսք. սրանք այն մարտահրավերներն են, որոնց բախվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի Մաջադիա գյուղի բնակիչները: Գյուղացիների խոսքով, առանց կառավարության համակարգային լուծումների, գյուղատնտեսությամբ զբաղվելը գնալով դժվարանում է:

Մաջադիա գյուղն Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենագեղեցիկ գյուղերից մեկն է: Այն շատ չի տարբերվում մունիցիպալիտետի մյուս գյուղերից, այստեղ մարդիկ ապրում են սովորական գյուղական կյանքով: Այնուամենայնիվ, գյուղն ունի իր խնդիրները: Բնակիչները որպես հիմնական խնդիր նշում են ոռոգման ջրի բացակայությունը և անասունների գլխաքանակի կրճատումը:

Գյուղի բնակիչ Վահան Սաղաթելյանի համար հիմնական խնդիրը ոռոգման ջրի անբավարարությունն է:

«Ոռոգման ջուր չկա, ուստի բնակիչները չեն կարողանում պատշաճ կերպով գյուղատնտեսությամբ զբաղվել, այդ իսկ պատճառով ստիպված են մեկնել Ռուսաստան՝ խոպան։ Կարտոֆիլը վաճառվում է շատ ցածր գներով, իսկ երբեմն ընդհանրապես չի վաճառվում։ Անասնապահությամբ զբաղվելը նույնպես անհնար է դառնում։ Ինչ անենք», — ասում է Վահան Սաղաթելյանը։

Մեկ այլ բնակիչ ավելացնում է, որ եթե գյուղում ոռոգման ջուր լինի, բնակիչների ֆինանսական վիճակը կբարելավվի։

«Մի ճանապարհը վերանորոգվել է, շնորհակալություն դրա համար։ Տեսնենք մյուսը երբ կվերանորոգեն։ Ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղում քիչ են ցանում։ Հատուկենտ մարդիկ են մշակում առավելագույնը 50 հար, մնացածը՝ ընդամենը 15-20 հար։ Բոլորը մեկնում են այլ երկրներ՝ խոպան», — ասում է բնակիչներից մեկը։

Գյուղում անասնագլխաքանակը նույնպես աստիճանաբար կրճատվում է։ Հիմնական պատճառը հովիվների բացակայությունն է։

Գյուղում անասնապահությունն աստիճանաբար վերանում է, բնակիչները կրճատում են անասնագլխաքանակը։ Հարկ է նշել, որ այս խնդիրը ոչ միայն Մաջադիա գյուղում է առկա, նմանատիպ իրավիճակ է տիրում մունիցիպալիտետի բոլոր գյուղերում: Գյուղը, որը մի ժամանակ ուներ երկու նախիր՝ յուրաքանչյուրը 200-300 կով, հիմա մեկ լիարժեք նախիր էլ չունի։

«Չենք կարողանում հովիվ գտնել, ոչ ոք չի ուզում աշխատել։ Մեկին, Նույնիսկ, 500 լարի վճարեցինք մի կովի համար, համաձայնվեց, բայց հետո չեկավ։ Մյուս գյուղերում վճարում են 200-300 լարի։ Բնակիչները կրճատում են իրենց անասունները։ Ես 12-14 կով ունեի, բայց հիմա ունեմ ընդամենը 4-ը։ Կաթի և պանրի գները իջան։ Պանիր արտադրողները չէին կարողանում վաճառել պանիրը, և ոչ ոք չէր գնում մեր կաթը։ Այսպիսի իրավիճակ էր նախանցյալ տարի։ Ստիպված մենք էինք պանիր պատրաստում, բայց դա էլ չվաճառվեց։ Այդ պատճառով ես կրճատեցի կովերի քանակը։ Կան բազմաթիվ պատճառներ, բայց գլխավորն այն է, որ մենք չոբան չենք կարողանում գտնել», — ասում է Մանվել Սաղաթելյանը։

Բնակիչները նշում են, որ արոտավայրերի հետ կապված խնդիր չունեն։ Այժմ գյուղում կա մոտ 63 կով։

Մանվել Սաղաթելյանը հավելում է, որ հովվի աշխատանքը շատ դժվար և պատասխանատու է, ուստի ցանկացողները քիչ են։

«Կարծում եմ՝ մյուս աշխատանքներն ավելի շատ են վարձատրվում, քան հովիվներինը։ Աշխատանքը դժվար է և պատասխանատու, ուստի ոչ ոք չի ուզում հովիվ աշխատել», — ասում է նա։

Սամվել Ղազարյանը ևս գյուղի հիմնական խնդիրները համարում է ոռոգման ջրի պակասը և անասնապահության նվազումը։

«Եթե ջուր լինի, բնակիչները հողն անմշակ չեն թողնի, իսկ հիմա բոլորը գնում են խոպան։ Անասնապահության նվազումը միայն մեր գյուղում չէ որ նկատվում է, այն ամբողջ Ջավախքի խնդիրն է։ Կանայք չեն ուզում կով կթել. պայմանները դժվար են թե՛ անասնապահության, թե՛ գյուղատնտեսության պարագայում։ Կարտոֆիլն աճեցնում են, բայց չեն կարողանում վաճառել՝ գնորդներ չկան։ Հացահատիկը տոննաներով բնակիչների պահեստներում է, պահանջարկ չկա։ Էլ ինչով զբաղվել գյուղում։ Դրա համար էլ բոլորը մեկնում են արտագնա աշխատանքի», — ասում է Սամվել Ղազարյանը։

Նա նաև հավելում է.

«Պետությունը պետք է վարի համապատասխան քաղաքականություն գյուղատնտեսության բնագավառում, որպեսզի գյուղացին իմանա և վստահ լինի, որ իր արտադրանքը կվաճառվի։ Անհատը չի կարող այս խնդիրը լուծել. անհրաժեշտ է կառավարության միջամտություն»։

Մաջադիայի պատմությունն արտացոլում է Ախալքալաքի մունիցիպալիտետի և ամբողջ Ջավախքի բազմաթիվ գյուղերի ընդհանուր խնդիրները: Ոռոգման ջրի պակասը, գյուղատնտեսության շահութաբերության անկումը և աշխատուժի պակասն աստիճանաբար փոխում են գյուղական վայրերի առօրյա կյանքի բնույթը: Բնակիչները հույս ունեն, որ այս խնդիրները կարժանանան կառավարության ուշադրությանը, հակառակ դեպքում գյուղերը կշարունակեն դատարկվել, իսկ ավանդական գյուղատնտեսությունը՝ անկում ապրել:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝