Որպես կանոն, ուսումնական տարվա ավարտից հետո Ախալքալաքի դպրոցներում սկսվում է էքսկուրսիաների թեժ շրջանը։ Բարձր դասարանների աշակերտներ սովորաբար նախընտրում են դեպի Քութայիսի, Թբիլիսի, Բորժոմի և Հայաստան ուղղությունները, իսկ տարրական դասարանների երեխաներն իրենց էքսկուրսիան անցկացնում են Ախալցիխեում, Վարձիայում, կամ էլ Տավշանկա հանգստյան գոտում։ Մինչդեռ Ջավախքում բազմաթիվ գեղատեսիլ վայրեր կան, որտեղ կարող եք Ձեր ակտիվ հանգիստը կազմակերպել։
Jnews-ն առանձնացրել է մի քանի ուղղություններ հենց Ջավախքում, որոնք համապատասխան են միջին և բարձր, ինչպես նաև տարրական դասարանների աշակերտների համար և իրենցից ենթադրում են մեր սիրելի բնակավայրը և միջավայրը ճանաչելուն, ինչու ոչ նաև անհամեմատ մատչելի ու հետաքրքիր են։
Այսպիսով, եկեք միասին բացահայտենք Ջավախք աշխարհը.
Եթե ուղեւորվեք դեպի Ջավախքի ամենաչքնաղ գյուղերից մեկը՝ Գանձա, ապա այնտեղ կարող եք բարձրանալ փոքր Աբուլ լեռ, ուսումնասիրել լեռան լանջին գտնվող Ջավախքի ամենալավ պահպանված Կիկլոպյան ամրոցը։ Ամրոցը բավականին լավ է պահպանված, և գտնվում է ակտիվ ուսումնասիրությունների փուլում։ Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Փարվանա լիճ։ Ձեր հագեցած օրը կարող եք ավարտել Գանձա գյուղում՝ այցելելով Վահան Տերյանի տուն-թանգարան։ Իսկ երեկոյան հրակարմիր մայրամուտը վայելել Սաղամո լճի ափին։
Մեկ այլ առավել հեշտ քայլարշավ կարող է լինել դեպի Սաղամո լճի հարակից՝ Սուրբ Հովհաննես լեռը, որի գագաթին 10-րդ դարի քաղքեդոնական եկեղեցի կա։ Հարակից գյուղերի բնակիչներն այստեղ տոնում են Վարդավառը, և հավատում են լեռան ու եկեղեցու զորությանը։ Ձեր հագեցած օրը կրկին կարող եք ավարտել Վահան Տերյանի տուն թանգարանով և Սաղամո լճի ափին երեկոյան գեղեցիկ ժամանցով։
Իսկ Մադաթափա լճի շուրջ քայլարշավը կհարստացնի Ձեր գիտելիքներն ու պատկերացումները Ջավախքի թռչնաշխարհի վերաբերյալ։
Դեպի Կարծախ գյուղ ուղղությունը հագեցած կլինի ինչպես մշակութային ակնարկներով, այնպես էլ գեղատեսիլ վայրերով։ Աշուղ Ջիվանիի տուն-թանգարանն արժանի է պատշաճ ուշադրության մեր՝ Ջավախքցիներիս, կողմից։ Խոզապինի լիճը նույնպես հարուստ է թռչնաշխարհով, որի ափին պիկնիկի կազմակերպումը նույնպես մեծ բավականություն կարող է պատճառել։
Իսկ ոչ այնքան հայտնի Թեթրոբիի անտառներում արշավները կարող են իսկական արկածների վերածվել՝ պրոֆեսիոնալ գիդերի և ռենջերների ուղեկցությամբ։
Մենք կարող ենք այս շարքը երկար շարունակել, իսկ Դուք կարող եք մեզ ուղարկել Ջավախքում գտնվող ոչ այնքան հայտնի, բայց հետաքրքիր ու գեղեցիկ վայրերի մասին պատմություններ ու տեսանյութեր։
Եկեք բացահայտենք Ջավախքը միասին։



