Արագվա գյուղի բնակիչները, ինչպես Ախալքալաքի մունիցիպալիտետի շատ այլ գյուղեր, բախվում են մի շարք խնդիրների՝ ոռոգման ջրի բացակայությունից և վատ ճանապարհներից մինչև անշահավետ կարտոֆիլագործություն: Աճող ծախսերի և այլընտրանքի բացակայության պատճառով շատ գյուղացիներ ստիպված են փնտրել գոյատևման նոր միջոցներ:
Արագվա գյուղը տեղակայված է քաղաքից ոչ հեռու, մունիցիպալիտետի հյուսիսային մասում, Ախալքալաք-Բակուրիան միջազգային մայրուղու երկու կողմերում: Գյուղում մարդիկ հող են մշակում, զբաղվում անասնապահությամբ, իսկ նրանք ովքեր չեն զբաղվում գյուղատնտեսությամբ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի:
Արագվա գյուղի բնակիչների առջև ծառացած խնդիրները բնորոշ են մունիցիպալիտետի շատ գյուղերի: Հիմնական խնդիրներից են՝ վատ ճանապարհները, ոռոգման ջրի պակասը, անասնապահության նվազումն ու աղբամանների անբավարար քանակը: Բնակիչները նաև կառավարությունից ակնկալում են ժամանակակից ամբուլատորիա և մանկապարտեզ:

Ռոզա Թորվանդյան, մոտ 90 տարեկան
Զրույցների ընթացքում գյուղացիները հիմնականում նշում էին ոռոգման ջրի պակասը: Բնակիչների խոսքով, Արագվայում ոռոգման ջուրը մատակարարվում է պոմպով, բայց այն հաճախ չի աշխատում:
Բնակիչներից մեկը նշեց գյուղի ներքին ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունը:
« Գոնե գլխավոր ճանապարհից մինչև եկեղեցի տանող ճանապարհն ասֆալտապատեն »:
Մեկ այլ բնակիչ նշեց, որ ոռոգման ջուրը պոմպով է մատակարարվում, և դրա հետ կապված անընդհատ խնդիրներ են ծագում:
«Պոմպը չի աշխատում։ Մենք այն երեք անգամ վերանորոգել ենք, և բոլոր երեք անգամներն այն կոտրել են կամ գողացել», — ասում է գյուղի բնակիչը։
Բնակչուհիներից մեկը նշում է, որ ջուր կա, սակայն ոռոգման համար անհրաժեշտ միջոցները չկան։
«Մաջադիայի կողմի դաշտերն ոռոգելը մեծ խնդիր է, իսկ այս կողմում երբեք չգիտես՝ ջուր կհասնի քեզ, թե ոչ։ Պետք է միացնես շարժիչը, իսկ դրա համար միջոցներ ոչ բոլորն ունեն»։
Մեկ այլ բնակիչ նշում է կարտոֆիլի մշակմանան անշահավետությունը։
«Սերմեր, մշակում, հող վարել, պարարտանյութեր, դեղորայք, բերքահավաք՝ մի խոսքով, գինն այլևս չի փակում ծախսերը։ Կարտոֆիլագործությունը դարձել է անշահավետ։ Պարարտանյութն արժե 70 լարի, բոլոր ծառայությունները թանկացել են։ Բայց մենք այլ ելք էլ չունենք՝ էլ ինչով զբաղվել գյուղում։ Իսկ այս տարի եղանակն անբարենպաստ էր. երկու ամիս առաջ կարտոֆիլը ցանել եմ, դեռ չեն ծլել։ Կաթն էժանացել է, իսկ հողը վարելը՝ 3,5 լարի է», — ասում է Ունանյանը։
Վոլոդյա Վարդերեսյանն ասում է, որ արդեն անցել է անասնապահության, քանի որ կարտոֆիլի մշակումը դարձել է անշահավետ։
«Կարտոֆիլից շահույթ չկա։ Այս տարի ես անցել եմ անասնապահության, ունեմ հինգ կով։ Չնայած այստեղ էլ իր խնդիրները կան՝ հովիվ չկա, կաթն էժան է։ Բայց ինչ կարող ես էլ անել գյուղում։ Ռուսաստան գնալը նույնպես բացառված է։ Տասնհինգ հոգի գյուղից արդեն հետ են վերադարձել՝ նրանց արտաքսել են», — ասում է Վոլոդյա Վարդերեսյանը։
Խաչիկ Գրիգորյանը նույնպես անցել է անասնապահության։ Նա կարծում է, որ մունիցիպալիտետում կարտոֆիլի ավելցուկ կա։
«Այս տարի ես կարտոֆիլ ցանել եմ միայն ընտանիքի համար։ Ես մեկ կով ունեի, հիմա երկրորդը գնել եմ, և կավելացնեմ կհասցնեմ մինչև հինգի կամ վեցի։ Հովվի հետ կապված խնդիրներ կան, վերջին միջոց ես կգնամ որպես հովիվ։ Կարծում եմ, որ անասնապահությունն ավելի շահավետ է, քան կարտոֆիլագործությունը։ Խորհրդային տարիներին մեկ բրիգատը մշակում էր 80 հեկտար կարտոֆիլ, բայց հիմա միայն մի ֆերմերը մշակում է 100-150 հեկտար։ Մունիցիպալիտետում շատ կարտոֆիլ կա, բայց պետությանն այդքան անհրաժեշտ չի», — ասում է Խաչիկ Գրիգորյանը։
Արագվա գյուղի որոշ բնակիչներ ընդհանրապես կով չեն պահում՝ այն համարելով չափազանց աշխատատար։ Գյուղում հակասական իրավիճակ է. շատ բան կախված է ընտանիքի միջոցներից և անասնապահությամբ զբաղվելու ցանկությունից։ Շատ ընտանիքներում կանայք չեն ուզում զբաղվել անասնապահությամբ։
Եկեղեցու մոտ ապրող բնակիչներից մեկը նշեց աղբամանների պակասի մասին։
«Գյուղում բավարար քանակությամբ աղբամաններ չկան։ Երկուսը կենտրոնում են, երկուսը՝ վերևում, մենք ստիպված ենք աղբը հավաքել և մեքենայով տանել», — ասաց նա՝ չնշելով անունը։
Մեկ այլ բնակիչ ասաց, որ գյուղը մանկապարտեզի կարիք ունի։
«Մեր երեխաներին տանում ենք այլ գյուղեր. կեսին՝ Բարալեթ, կեսին՝ Խուլգումո։ Նախկինում մանկապարտեզ ունեինք, և ես ինքս այնտեղ էի աշխատում»։
Արագվա գյուղի խնդիրներն արտացոլում են Ախալքալաքի մունիցիպալիտետի շատ գյուղերի ընդհանուր իրավիճակը։ Ոռոգման ջրի պակասը, գյուղատնտեսական եկամտի նվազումը, ենթակառուցվածքների բացակայությունը և եկամտի սահմանափակ հնարավորություններն աստիճանաբար փոխում են գյուղի կյանքի դրվածքը։ Չնայած դժվարություններին, բնակիչները շարունակում են մշակել հողը, պահել իրենց տնտեսությունները և հույս ունենալ, որ իրենց երկարամյա խնդիրները վերջապես լուծում կգտնեն։




