նորություններ 16 Հունիսի, 2026 • Սպասումների չորս տարիներ. Ախալքալաքի մունիցիպալիտետի ամբուլատորիաներն այդպես էլ չաշխատեցին

Առողջապահության բարեփոխումների շրջանակներում, վերականգնման նպատակով, Ախալքալաքի մունիցիպալիտետի 17 ամբուլատորիա փոխանցվեցին «Վրաստանի բժշկական հոլդինգին»: Փոխանցման գործընթացը սկսվել է 2022 թվականին: Սակայն չորս տարվա ընթացքում շատ քիչ բան է արվել, իսկ վերջին երկու տարիների ընթացքում մունիցիպալիտետում աշխատանքները լրիվությամբ դադարեցվել էին: Առաջնային առողջապահության հասանելիությունը, ինչը Հոլդինգի ստեղծման նպատակն էր, Ախալքալաքում դեռևս ապահովված չէ:

«Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցվել է Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար, Արագվա, Տուրցխ, Բարալեթ, Գոգաշեն, Ալաստան, Կարտիկամ, Ալաթուման, Կումուրդո, Մեծ Խորենիա, Սուլդա, Էխտիլա, Կարծախ և Կուլիկամ գյուղերի ամբուլատորիաները: Այն գյուղերում, որտեղ ամբուլատորյա չկար, Հոլդինգին, նոր շենքերի կառուցման համար, տրամադրվել են հողամասեր: Օրինակ՝ Կուլիկամ և Կարծախ գյուղերում, որտեղ շինարարությունն այդպես էլ չսկսվեց:

Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում կա 21 ամբուլատորիա, որոնցից 17-ը փոխանցվել են Հոլդինգին: Մունիցիպալիտետի 64 գյուղերից 44-ում աշխատում է բուժքույր, ընդ որում, բուժառուներին հաճախ ընդունում են իրենց տներում:

Գյուղական ամբուլատորիաների շենքերը շատ վատ վիճակում են. շատերը գտնվում են խարխուլ հին շենքերում, որոնք զուրկ են նույնիսկ տարրական հարմարություններից, ինչպիսիք են ջուրը, էլեկտրաէներգիան, իսկ ջեռուցման մասին ավելորդ է անգամ խոսել:

«Հոլդինգը» վերականգնել է Զակ, Չամդուրա, Ղադոլար, Դիլիսկա, Ալաթուման և Կարտիկամ գյուղերի ամբուլատորիաները: Սակայն, Ալաթումանում մինչ օրս նույնիսկ բուժքույր չկա: Վաչիան գյուղում ևս կա ամբուլատորիա, բայց այն կառուցվել է բարերարների միջոցներով, և Հոլդինգը նրա հետ որևէ կապ չունի:

Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, վերանորոգված ամբուլատորիաներն արդեն սկսում են քանդվել:

«Հոլդինգին փոխանցված ամբուլատորիաները մինչ այժմ առանց համապատասխան տեխնիկայի և կահույքի են։ Շենքերում ո՛չ ջուր կա, ո՛չ էլ էլեկտրաէներգիա։ Ինչ իմաստ ուներ վերականգնելը։ Ոչ սարքավորումներ կան, ոչ էլ կահույք, իսկ շենքերն արդեն քանդվում են։ Դրանցից շատերը նույնիսկ չեն էլ բացվել», — ասում է Սիրանուշ Տոնականյանը։

Շատ գյուղերում, բացի ջրի և էլեկտրաէներգիայի բացակայությունից, ամբուլատորիաներում չկա կահույք և բժշկական գույք։

Մաջադիա գյուղի ամբուլատորիան հոլդինգ ընկերությանը փոխանցված 17 -ից մեկն է։ Սակայն գյուղում դեռևս ամբուլատորիայի շենք չկա։

«Նախկինում ամբուլատորիա կար, բայց շենքը քանդվեց։ Անհրաժեշտության դեպքում գնում ենք բուժքրոջ տուն», — ասում է գյուղի բնակիչը։

«Մենք բուժքույր ունենք, անհրաժեշտության դեպքում մենք նրան կանչում ենք կամ ինքներս ենք գնում նրա տուն։ Բայց գյուղում ամբուլատորիա չկա», — ասում է Մաջադիայի բնակիչ Սամվել Ղազարյանը։

Արագվա գյուղի ամբուլատորիան գտնվում է հին, խարխուլ շենքում։ Չնայած դրան, բնակիչներն ասում են, որ այն շարունակում է ընդունել բուժառուների։ Արագվան նույնպես այն գյուղերի շարքում է, որտեղ Հոլդինգը պետք է վերականգնողական աշխատանքներ իրականացներ։

Բուղաշեն գյուղում նույնպես ամբուլատորիա չկա։ Բնակիչներն ասում են, որ երբեք էլ չի եղել։

Բուղաշենի բնակիչ Աննա Ափոզյանն ասաց, որ իրենք, բժշկական օգնություն ստանալու համար, քաղաք են գնում։

«Շենք չկա, բայց բուժքույր կա։ Եթե մեզ շտապ օգնություն է պետք, մենք տուն ենք կանչում, բայց հիմնականում քաղաք ենք գնում»։

Հարկ է նշել, որ Զակ գյուղում, որը գտնվում է Բուղաշեն գյուղին շատ մոտ, կառուցվել է նոր ամբուլատորիա։

ambulatorya zak

Հիշեցնենք, որ 2019-ին Վրաստանի կառավարությունը նախաձեռնել էր հատուկ ծրագիր, որի շրջանակներում մունիցիպալիտետներում կառուցվեցին ամբուլատորիաներ և շտապ բուժօգնության կենտրոններ: Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս գյուղում ևս կառուցվեցին ամբուլատորիա, իսկ հինգ գյուղում եղած ամբուլատորիաները վերանորոգվեցին:

Չորս գյուղում նոր ամբուլատորիաներ կառուցելու համար հատկացվել էր 360 000 լարի, իսկ վեց գյուղում վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 250 000 լարի, ընդհանուր գումարը կազմում է 610 000 լարի:

Սակայն այս գյուղերում սահմանափակվեցին միայն շենքերի վերանորոգմամբ. ամբուլատորիաները հագեցած չեն սարքավորումներով և կահույքով, և տարածքներում չկա էլեկտրաէներգիա և ջուր։

Ավելի ուշ մեկնարկեց բարեփոխում, որի շրջանակներում մունիցիպալիտետների ամբուլատորիաները փոխանցվեցին «Վրաստանի բժշկական հոլդինգին»։

Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող կամ նախատեսվող գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար, մենք չկարողացանք կապ հաստատել «Վրաստանի բժշկական հոլդինգ» ընկերության ներկայացուցիչների հետ։

Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը հայտնեց, որ քաղաքապետարանը նույնպես տեղեկություն չունի Հոլդինգի ապագա ծրագրերի մասին: Նա հավելեց, որ մոտ ժամանակներում, նախագծի հետագան պարզելու համար կպատրաստի և կուղարկի պաշտոնական գրություն։

Չնայած բարեփոխումներին և հատկացված միջոցներին, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում, առաջնային առողջապահական ծառայությունների նկատմամբ հասանելիությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Բազմաթիվ բնակիչների համար ամբուլատորիան մնում է միայն թղթի վրա գրված խոստում, այլ ոչ թե իրական հաստատություն:

«Բժշկական հոլդինգի» երկու տարվա աշխատանքի արդյունքներն Ախալքալաքում
Հարյուր հազարավոր լարիներ են ծախսվել, բայց կառուցված ամբուլատորիաները բնակչությանը չեն ծառայում

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝