Խորհրդարանն աջակցել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիության կասեցման հարցը: Նիստին այս հարցին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ երկու պատգամավոր:

Խորհրդարանի այս որոշումից հետո դատախազությանը հնարավորություն է ընձեռվում դիմել դատարանին` Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ:

2019 թվականի հունիսի 27-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Նիկա Մելիայի նկատմամբ, որը ենթարկվել էր «մի խումբ անձանց կողմից իրականացված բռնությունը ղեկավարելու և դրանում մասնակցելու համար» քրեական պատասխանատվության, կիրառել էր 30 000 լարի գրավ և լրացուցիչ սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ էլեկտրոնային մոնիտորինգ: Այնուամենայնիվ, 2020 թվականի նոյեմբերի 1-ին՝ հրապարակային հայտարարություն կատարելիս, Նիկա Մելիան հանել էր իր ձեռքից էլեկտրական վերահսկիչ թևնոցը:

Այդժամ դատախազությունը պահանջել էր խստացնել խափանման միջոցը: Դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի չափը ավելացվել էր 40 հազար լարիով: Գրավը պիտի մուծվեր 50 օրվա ընթացքում:

2021 թվականի փետրվարի 5-ին, Նիկա Մելիան կանչվել էր Գլխավոր դատախազություն՝ գրավի պայմանները չպահպանելու հետևանքների մասին նախազգուշացվելու նպատակով, բայց նա չէր ներկայացել: Նույն օրը դատախազությունը լրացուցիչ մեկ շաբաթ էր տվել Նիկանոր Մելիային՝ գրավի պայմանները կատարելու համար: Ըստ գերատեսչության, չվճարելու դեպքում դատախազությունը կդիմի դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ: Մելիայի գրավի մնացած մասի վճարման վերջնաժամկետն լրացել է փետրվարի 12-ին:

Հենց նույն օրը Գլխավոր դատախազությունը դիմել էր խորհրդարան՝ Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառման առթիվ: «Ազգային շարժման» նախագահ Նիկանոր Մելիան հայտարարում է, որ չի պատրաստվում վճարել գրավը: