Փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի նախատոնակին, ժամը՝ 17:30-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ ժամերգության տեղի կունենա նորապսակների օրհնության կարգ:
Այնուհետև փետրվարի 14-ին, ժամը 10:00-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը տոնական պատարագ կմատուցի:
Փետրվարի 14-ին նաև Բուն բարեկենդանի տոնն է, որը համընկնում է Տյառնընդառաջի տոնի հետ:
Նորապսակները կարող են գնալ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի՝ ստանալու Աստծո օրհնությունը և մասնակցելու Մեծ Պահքից առաջ մատուցվող վերջին բաց պատարագին ու հաղորդվելու Տիրոջ մարմնին և արյանը:
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։
Ժողովրդական սովորույթի համաձայն օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, խարույկի կրակը բորբոքելիս հայցում ենք աստվածային սիրո հուրը։
Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տյառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տյառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տյառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին: