Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները բողոքում են, որ Ախալքալաք-Նինոծմինդա նորակառույց ճանապարհը չունի պաշտպանիչ արգելքներ ճանապարհի երկայնքով, այդ պատճառով այս հատվածում հաճախ տեղի են ունենում ՃՏՊ-ներ:

Նոր ճանապարհը կառուցվել է գետնից բարձր և ուղղաձիգ զառիվայրերով, և դրա վրա մետաղական արգելապատնեշներ չկան: Հենց այս պատճառով, ըստ վարորդների, վերջին ժամանկներում գրեթե ամեն օր նմանատիպ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում:

1

Այս փուլում Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի նորոգման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել: Ներկայումս ասֆալտի առաջին շերտի պատումն արդեն ավարտված է, այժմ երկրորդ շերտն է ասֆալտապատվում: Այնուամենայնիվ, մետաղական արգելքները դեռ տեղադրված չեն:

2

«Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով, ամեն ինչ արվում է ըստ նախագծի:

«Այժմ աշխատանքները շարունակվում են, որոշ տեղերում արդեն տեղադրվել են պաշտպանիչ արգելքներ, դրանք կտեղադրվեն բոլոր այն տեղերում, որոնք նախատեսված են ըստ նախագծի», – ասում է նա:

Հիշեցնենք, որ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումն ընթանում է 2019-ի հուլիսից: Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով: Իսկ վերակառուցումն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է: Ընդհանուր առմամբ կվերականգնվի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ-ի 16 կմ ճանապարհահատվածը, այսինքն` Ախալքալաք քաղաքից մինչև Նինոծմինդա քաղաք ընկած հատվածը:

Բրատիսլավ Իգիթխանյան