«Խաղաղություն չի կարող լինել ոչ մեկուսացված, ոչ առանց մեր գործընկերների, մենք չենք ունենա ոչ մի ռեսուրս՝ հզորացնելու մեր բանակը՝ երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Լրագրողները Զուրաբիշվիլիին հարց ուղղեցին ԱՄՆ պաշտպանության նախարարության նախօրեին տարածած հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ ԱՄՆ-Վրաստան երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգելու է Վրաստանում «Արժանի գործընկեր» զորավարժությունները։
Նախագահի խոսքով՝ իշխանությունը չկարողացավ հասկանալ՝ ով է բարեկամ, ով՝ թշնամի:
«Դա կարող է լինել նույն չափի վնասը, ինչ ռուսական օրենքը մեր եվրոպական ճանապարհին։ Սա վնաս է ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությանը, մեր պաշտպանական հնարավորություններին և այն ամենին, ինչ ստեղծվել է մեր բանակի հետ միասին»,- ասել է Զուրաբիշվիլին։