Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ՝ այսօր Բաքվից վերադարձվեց ևս 5 գերի։ Նրանց տեղափոխումը կայացել է ռուսական կողմի միջնորդությամբ։
Վերադարձված 5 անձինք պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտակայքում գերեվարված 64 զինծառայողներից են։
Մինչև ինքնաթիռի վայրէջքը՝ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել օդանավակայանի դարպասների մոտ, որոնք սպասում էին իրենց հարազատների վերադարձին։
Այսպիսով, պատերազմի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձված ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասավ 68-ի։
Այդ 68 քաղաքացիներից առաջինը վերադարձվել է հոկտոմբերի 29-ին։ Մնացած 67-ի վերադարձը տեղի է ունցել ռազմական գործողությունների ավարտից հետո։ 2-ը վերադարձվել են դեկտեմբերի 4-ին, 3-ը՝ դեկտեմբերի 9-ին, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ ևս 3-ը՝ դեկտեմբերի 11-ին (պաշտոնապես այս մասին չի հայտարարվել):
Դեկտեմբերի 14-ին վերադարձվել են 44 ռազմագերիներ և պահվող այլ անձինք, դեկտեմբերի 15-ին՝ 1 հոգի։ Դեկտեմբերի 28-ին՝ վերադարձվել են 4, հունվարի 28-ին՝ 5 ռազմագերիներ (նույնպես Խծաբերդից գերեվարվածներից) և պահվող այլ անձինք, և ինչպես արդեն նշեցինք, այսօր՝ փետրվարի 9-ին էլ Ադրբեջանից Հայաստան վերադարձվեց 5 ռազմագերի։