ԱՄՆ Կոնգրեսին կներկայացվի օրինագիծ, որը կսառեցնի ակտիվները և վիզային արգելք կսահմանի վրացի պետական ​​այն պաշտոնյաների համար, որոնք պաշտպանել են «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը, – գրել է ամերիկյան Politico պարբերականը:

Ըստ Politico-ի՝ Թբիլիսին բացահայտ հարձակվում է ԱՄՆ-ի և արևմտյան այլ ժողովրդավարամետ կազմակերպությունների, ինչպես նաև տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա, միաժամանակ ամրապնդում է կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։

Politico-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Հարավային Կարոլինայի հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը երկուշաբթի օրն օրինագիծը կներկայացնի Կոնգրես: Նշվում է, որ պատժամիջոցներ են նախատեսվում պետական ​​պաշտոնյաների և այն անձանց նկատմամբ, ովքեր էական պատասխանատվություն են կրում Վրաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների կամ անվտանգության խաթարման համար: Պատժամիջոցները կներառեն վիզային սահմանափակումները քաղաքական գործիչների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսաստանյան օրինակով օրենքի ընդունման համար:

Նշվում է նաև, որ սահմանափակումները կվերաբերեն նաև Վրաստանի արդարադատության և անվտանգության ծառայություններին, որոնք նպաստել են բողոքի ցույցերը ճնշելուն, ինչպես նաև` երկրում Ռուսաստանի և Չինաստանի հավանական գործակալներին։