Վրաստանում մանկավարժների մեծամասնությունը հունվարին անցկացված որակավորման քննությունները չկարողացան հաղթահարել, իսկ Ախալքալաքի շրջանի ուսուցիչների մեծամասնությունը չմասնակցեցին՝ վրացերենի չիմացության պատճառով:

Քննություններին մասնակցած մանկավարժների ավելի քան 80 տոկոսը չեն կարողացել հաղթահարել որակավորման քննությունների մինիմալ շեմը: Ուսուցիչների գրանցումը էլեկտրոնային կերպով էր եղել: 2016 թվականի հունվարի վերջին անցկացված քննություններին մասնակցելու համար գրանցվել էին 10 552 ուսուցիչ, նրանցից միայն 6 477 էին ատեստավորում անցել, իսկ որակավորման քննությունների մինիմալ շեմը կարողացել են հաղթահարել ընդամենը 1 101 մանկավարժ:

Ախալքալաքի շրջանի հանրակրթական դպրոցների մանկավարժները այդ քննություններին չմասնակցեցին վրացերենի չիմացության պատճառով: Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը խոստացել է հայկական դպրոցների համար ամռանը կազմակերպել որակավորման քննություններ՝ հայերենով, որպեսզի լեզվական խնդիր չառաջանա:

«Չգիտեմ, կմասնակցեմ թե չէ: Խնդիրը վերապատրաստում անցնելու կամ չանցնելու մեջ չէ: Եթե օրինակ քիմիայի մասնագետը առարկային գերազանց տիրապետում է, սակայն չի կարող համակարգչով աշխատել, ի՞նչ է անելու: Եթե բոլորը հեռանան դպրոցից, ո՞վ է դասավանդելու», – ասաց Ախալքալաքի շրջանի հայկական դպրոցներից մեկի մանկավարժը, ով չցանկացավ ներկայանալ:

Մարինա Ղազարյանը, ով անգլերեն է դասավանդում Ախալքալաքի ռուսաց դպրոցում, եզակի ուսուցիչներից է, որ մասնակցեց և անցավ որակավորման քննությունը:

«Քննությունը բաղկացած էր երկու մասից՝ գրավոր և բանավոր: Նախօրոք, երբ իմացան, որ մենք վրացերեն չգիտենք, հատուկ մի կնոջ հրավիրեցին, ով ռուսերենով տեղեկացրեց քննության ընթացակարգի մասին: Կարող եմ ասել, որ քննությունները անցան բարեհամբյուր միջավայրում, բարձր մակարդակի էր կազմակերպած ամեն մի մանրուք: Չէի ասի, որ բարդ էին: Եթե ուսուցիչն իր առարկային լավ է տիրապետում, ապա իր համար մեծ բարդություն չի լինի հանձնել քննությունը»,- ասաց անգլերենի ուսուցիչ՝ Մարինա Ղազարյանը:

Բանն այն է, որ եթե նույնիսկ հայերենով անցկացվեն ուսուցիչների որակավորման քննությունները, միևնույնն է մեծամասնությունը վախենում է, որ դրանք չի հաղթահարի: Ուսուցիչը որակավորման համար երկու քննություն պետք է հանձնի՝ առարկայական և դասավանդման մեթոդիկա: Մանկավարժների հավաստմամբ, եթե առարկայական քննությունը լինելու է հայերեն լեզվով, ապա դասավանդման մեթոդիկան՝ վրացերենով:

«Ճիշտ է նախարարությունը մեզ միշտ ասում է, որ մինչ 2016-ի ավարտը բոլորը պետք է որակավորումը անցած լինեն: Անընդհատ ասում են վրացերեն սովորեք: 60 տարեկան եմ, այստեղ սովորում եմ, գնում եմ տուն մոռանում, բնականաբար չեմ կարողանալու քննությունն անցնել», – ասաց մաթեմատիկայի ուսուցիչ Ա. Այվազյանը:

Ինչպես ցույց տվեցին հունվարին կայացած որակավորման արդյունքները՝ քննությունները բարդ հաղթահարելի են ոչ միայն հայկական դպրոցների մանկավարժների համար, այլև ամբողջ Վրաստանի:

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ երկրի մանկավարժական կազմը հիմնականում խորհրդային կրթություն ունի, իսկ քննություններն անցկացվում են ամերիկյան կրթական համակարգի չափորոշիչներով: Բողոքում են նաև վրաց դպրոցների մանկավարժները: Չնայած լեզվին տիրապետում են, բայց թեստավորումը չեն կարողանում անցնել, որովհետև քննության համակարգչային մեթոդը սխալ է: Օր. 2-3 րոպե ժամանակ է տրվում 1 հարցի պատասխանելու համար, եթե ժամանակը լրանում է, ապա հարցն անհետանում է համակարգչից: Սա բերում է նրան, որ ուսուցիչն առանց մտածելու, արագ պետք է պատասխանի», – տեսակետ հայտնեց Ախալքալաքի համար 5-րդ դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը:

Միաժամանակ ավելացնելով, որ մանկավարժների որակավորման այս մեթոդը հանգեցնում է նրան, որ հասարակության շրջանում իջնում է ուսուցչի վարկանիշը:

«Նախկինում բավական էր աշակերտն ուսուցչի անունն իմանա, որպեսզի իրեն կարգի հրավիրի, այսօր հակառակն է: Իմ ականջով եմ լսել, թե ինչպես է ծնողը խոսում մանկավարժի մասին ով քննությունը չի անցել: Արժեհամակարգը շատ է փոխվել: Ներկա սերնդի շրջանում մանկավարժը նսեմացված է», – նշեց նա:

Աղունիկ Այվազյան