Երկու օր առաջ Ախալցիխեի «Tv9» հեռուստատեսությունն իր ինտերնետ-կայքում տեղադրել էր մի նյութ այն մասին, որ հունվարի 31-ին Ախալքալաքում բողոքի ցույց է տեղի ունենալու, որտեղ պետք է մասնակցեն նաև Նինոծմինդայի բնակիչները: Այդ մասին Ախալքալաքում իմացան այս տեղեկատվությունից:
Նյութում ցույցի պատճառը բնակիչների դժգոհությունն է, որ անհնար է մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների: Ասվում է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները պահանջում են բացել Ռուսաստանի հետ սահմանները:
Փակ սահմանները, գումար վաստակելու սահմանափակ հնարավորությունները, սահմանափակումները, իհարկե, կործանարար ազդեցություն են ունենում Ախալքալաքում, և, հավանաբար բոլորը կհամաձայնեն նման պահանջների հետ, բայց այստեղ բողոքի ցույցի մասին խոսք չի եղել:
Jnews-ը որոշեց պարզել, թե կոնկրետ ո՞րտեղ է անցկացվելու ակցիան, ո՞վ է կազմակերպում, և արդյոք Ախալքալաքում ընդհանրապես տեղյա՞կ են, որ այստեղ բողոքի ցույց է ծրագրվում: Մենք կապ հաստատեցինք մի քանի ակտիվ կազմակերպությունների հետ, որոնք կարող էին իմանալ, արդյոք այստեղ նախատեսվում է նման բան: Մենք ցույցի մասին հարցրինք նաև մի քանի ակտիվ քաղաքացիների, ովքեր անտարբեր չեն հասարակական իրադարձությունների նկատմամբ, սակայն նրանցից ոչ ոք չգիտեր ցույցի մասին, նրանք նույնպես հարցուփորձ արեցին իրենց ակտիվ ծանոթներից և մեզ հետ զանգահարեցին՝ ասելով, որ իրենց ծանոթներն էլ չեն լսել այդ մասին: Վերջում, Jnews-ը հարցում անցկացրեց քաղաքի կենտրոնում՝ հուսալով գտնել մեկին, ով կկարողանա պարզաբանել այս թեման, սակայն այս դեպքում էլ ոչինչ չհաջողվեց պարզել:
Չկարողանալով հասնել որևէ արդյունքի և ոչինչ չիմանալով Ախալքալաքում տեղի ունենալիք ցույցի մասին, մենք որոշեցինք հարցնել այն հարցված անձանց, ովքեր մեկնաբանություն են արել «Tv9»-ի նյութում: Գտանք նրանցից մեկին՝ Սամվել Մնոյանին: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչը պնդում է, որ կազմակերպիչն ինքը չէ, որ ինքը ոչ մի հարցազրույց չի տվել, այլ միայն «Tv9»-ի նյութով կիսվել է իր էջում:
«Ես նյութը տեղադրեցի իմ էջում, իսկ հետո պատահաբար տեսա, որ իմ անունից մեկնաբանություններ են գրված: Ես ոչ ոքի հարցազրույց չեմ տվել, զանգահարցի նրանց, չհասկացա, թե ինչու են իմ անունից մեկնաբանություն գրել: Նրանք պատասխանեցին, որ ոչինչ՝ ուղղակի գրել են: Բայց սա անպատասխանատու քայլ է», – ասում է Սամվել Մնոյանը:
Պարզելու համար այս ամենը, մենք վերջիվերջո կապվեցինք «Tv9»-ի հետ, նրանք մեզ ասացին, որ նյութը պատրաստել են Նինոծմինդայի բնակիչ Նազելի Ծառուկյան-Բաբաջանյանի գրառման հիման վրա և խոստացան ուղարկել այս հայտարարությունը մեզ, բայց այդպես էլ չուղարկեցին:
Մենք գտանք Նազելի Ծառուկյանին, ինչպես պարզվեց նրա խոսքերից, ցույցի գաղափարը ծագել էր «TV9» կայքի մեկնաբանություններից:
«Ես չէի ենթադրում, որ ցույցը տեղի կունենա: Ամսի 8-ից սկսած՝ ես դիմումներ եմ գրում, զանգահարում դեսպանատուն, հյուպատոսարան, հայտարարություն գրում ֆեյսբուքում: Բազմաթիվ մեկնաբանություններում բնակչությունը պահանջում և օր էր նշանակում, յուրաքանչյուրն առաջարկում էր կոնկրետ մի օր, և վերջում մենք համաձայնության եկանք, որ հունվարի 31-ին, կիրակի օրը, ժամը 13:00-ին, որպեսզի բոլորը հավաքվեն Ախալքալաքում: Թե Ախալքալաքում կոնկրետ որտեղ կհավաքվի, բնակչությունը կորոշի: Երբ ասում եմ բնակչություն, նկատի ունեմ Ախալքալաքի գյուղերը, քաղաքը: Բացեք մեկնաբանությունները և կտեսնեք, թե ով է բնակչությունը: Այս ամենը կամայական է: Ես չեմ ուզում որևէ մեկի վրա գցել պատասխանատվությունը, որ ինչ-որ մեկի վրա որոշ պետական մարմիններ ազդեն: Դա կամայական համարեք, համացանցի ժողովուրդը, ովքեր խոպանչի են, ովքեր այլ տեղերում հարազատներ ունեն: Ես ուղարկել եմ «tv9»-ին, գնացեք և կարդացեք մեկնաբանությունները, որպեսզի չստացվի, որ դա հորինված է: 2000-ից ավելի օգտատերեր կիսվել են դրանով, կան բազում մեկնաբանություններ: Այս պահին ամեն օր նինոծմինդացիներն ինձ հարցնում են, թե քանի մեքենայով գանք: Որքան շատ լինենք, այնքան լավ կլինի: Ես չեմ կազմակերպել, ինձ խնդրել են ձևակերպել, եթե կարդաք, կհասկանաք: Մի քանի հոգի առաջարկեցին ինձ, գրեցին և խնդրեցին հանդիպում կազմակերպել Ախալքալաքում: Ես պարզապես ձեւակերպեցի բնակչության պահանջը», – ասում է Նազելի Ծառուկյանը:
Կկայանա՞ արդյոք Ախալքալաքում բողոքի ցույցը, դեռ մնում է հարցականի տակ:
Լուսանկարը «Jnews»-ի արխիվից