«Վրաստանի միավորված ջրամատակարարում» ՍՊԸ-ն հայտնում է, որ Ջավախեթյան փողոցում ջրատարի փոխարինման աշխատանքները չեն հետաձգվում, դրանք պետք է ավարտվեն սահմանված ժամկետներում, սակայն չեն պատրաստվում աշխատանքների ընթացքում անջատել ջրամատակարարումը։
Ըստ «Մշենեբլոբա» ընկերության՝ Ախալքալաքի Ջավախեթյան փողոցում ջրատարի անցկացման աշխատանքները կվերսկսվեն, այս մասին ընկերությունը նախազգուշացրել էր մեկ շաբաթ առաջ, ըստ նրանց՝ աշխատանքները հետաձգվել էին նախ՝ եղանակային պայմանների, իսկ հետո էլ այն պատճառով, որ բնակիչները չէին ցանկացել մեկ ամիս և ավելի առանց ջրի մնալ։ Այսօր Jnews-ին ընկերությունից հայտնեցին, որ իրենք կարգի են բերում տեխնիկան, և աշխատանքները կսկսվեն վաղվանից։
Չնայած նրան, որ ի սկզբանե խոսվում էր, որ Ջավախեթյան փողոցում ջուրը կանջատվի մեկ կամ մեկուկես ամսով, Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին այսօր Jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ փողոցն առանց ջրի չմնա։
«Ջուրը մենք չենք անջատի: Աշխատանքները կսկսվեն առանց ջուրը անջատելու: Նրանք խողովակները կփոխեն փուլ առ փուլ: Ջուրը կանջատվի միայն այն ժամանակ, երբ ջուրը միացնեն նոր համակարգին: Եթե ջրագծի վրա վթար լինի կամ աշխատանքի ընթացքում ինչ-որ բան վնասվի, մենք շտապ կարգով կշտկենք դա, որպեսզի բնակչությունը ջուր ունենա»,- ասում է Գիորգի Վախթանգիշվիլին։
Հիշեցնենք, որ կոյուղու և ջրամատակարարման վերականգնման խնդիրն արդիական դարձավ նախորդ շաբաթ, քանի որ բնակիչները կտրականապես դեմ հանդես եկան ջեռուցման սեզոնին վերականգնողական աշխատանքների վերսկսմանը` առանց առաջիկա մեկուկես ամիսների ընթացքում նախապես այլընտրանքային ջրամատակարարմանը, քանի որ ընկերությունը նախկինում հայտնել էր, որ այս աշխատանքները կպահանջեն մոտ մեկուկես ամիս: Շինարարական ընկերությունից նախապես տեղեկացրել էին, որ աշխատանքներն այսքան ժամանակ կտևեն, և աշխատանքների ընթացքում ջուրը պետք է անջատվի։
Ջավախեթյան փողոցում նոր կոյուղագծի կառուցման շինարարական աշխատանքների էլեկտրոնային մրցույթը շահել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով: Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է իրականացվեին ձմեռվա ամիսներին, սակայն Ջավախքում խիստ ձմեռվա պատճառով դա շատ բարդ է անել: 2021 թվականի նոյեմբերին աշխատանքները սկսվել էին, այնուհետև դադարեցվել՝ ձմեռային սուղ պայմանների պատճառով։ Ընկերությունից հայտնում են, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների ժամկետը լրանում է ապրիլի 8-ին։