Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանում նշվում է պետական դրոշի օրը: 16 տարի առաջ Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը, որը զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պաշտոնական խորհրդանիշը:
Հերալդիկայի պետական խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, ի նշան հարգանքի, պետական դրոշները բարձրացնել իրենց տան տանիքներին և դուրս բերել պատշգամբներ:
«Մեր պետականության հիմնական խորհրդանիշը, Վրաստանի դրոշը, յուրաքանչյուրիս մոտ հարուցում է հայրենասիրական ոգի և ներշնչում է մեծ հպարտություն: Այն պարունակում է մեր երկրի և ժողովրդի պատմությունը, այն արժեքներն ու ձգտումները, որոնք մենք միշտ պաշտպանելու ենք»,- այս մասին Վրաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ, հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Նա համոզված է, որ հեռու չէ այն ժամանակը, երբ վրացական պետականության այս խորհրդանիշը կտեղադրվի եվրոպական ընտանիքի անդամ պետությունների դրոշների կողքին: