Վրաստանի հանրային պաշտպանը խոսում է հազարավոր տարեցների սեփականության իրավունքի խախտման ռիսկի մասին և պահանջում է վերաֆինանսավորել «Լիբերթի բանկի» թոշակառուներին տրված վարկերը։ Այս մասին գրում է newsgeorgia.ge-ն։
«Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկացել է տարիքային կենսաթոշակառուների իրավունքների խախտման մասին՝ կառավարության առաջարկով կորոնավիրուսի տարածման պատճառով Լիբերթի Բանկի կողմից վարկերի մի քանի ամսով հետաձգումից հետո», – ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։
Բանն այն է, որ արտոնյալ ժամկետի ավարտից հետո բանկը կազմել է վճարումների նոր ժամանակացույց։ Գործնականում թոշակառուների համար բարձրացել են և՛ վարկերի արժեքը, և՛ վարկային պայմանագրերի պայմանները։
Օրենքով հաճախորդներն իրավունք ունեն վերադառնալու հին վճարումների ժամանակացույցին: Բայց դա անելու համար նրանք պետք է անձամբ դիմեն սպասարկող բանկին: Շատ տարեց մարդիկ չգիտեն այս մասին և այժմ ստիպված են զգալիորեն ավելի շատ վճարել:
Բացի այդ, օմբուդսմենի գնահատականով Լիբերթի Բանկի կողմից թոշակառուներին տրվող օվերդրաֆտ վարկերը «լուրջ խնդիր» են:
2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուների համար վարկերի արժեքի վերին շեմը իջեցվել է մինչև 26%: Պարզվում է, որ շատ տարեցներ դեռ վճարում են «ոչ ադեկվատ բարձր» տոկոսադրույքներ։
«Մինչև նոր կարգավորումը վերցված վարկերը վերահաշվարկվում են նոր պայմաններով և նոր ցածր տոկոսադրույքով, բայց միայն թոշակառուների դիմումի հիմքով։ Այս դեպքում կա նաև անհավասար տեղեկատվության խնդիր»,- պարզաբանում է ՄԻՊ-ը։
ՄԻՊ-ը դիմել է Վրաստանի Ազգային բանկ՝ արտոնյալ ժամկետից օգտվող կենսաթոշակառուների պարտքերը վերակառուցելու համար համապատասխան որոշում/հանձնարարական մշակելու խնդրանքով։ Օմբուդսմենը պահանջում է նաև, որ «Լիբերթի Բանկի»՝ թոշակառուների հետ օվերդրաֆտի վարկային պայմանագրերի մասին համաձայնագրերն ավտոմատ կերպով վերահաշվարկվեն ցածր տոկոսադրույքներով։
Liberty Bank-ը Վրաստանի խոշորագույն բանկերից է, որը կենսաթոշակներ և սոցիալական օգնություն է տրամադրում երկրի ավելի քան 808 հազար քաղաքացիների։ Ըստ «Սաքստատ»-ի՝ նրանց 40%-ը վարկեր է վերցրել Լիբերթի Բանկից։