Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հատուկ տեղեկագիր է պատրաստել միջազգային գործընկերների համար, որում ասվում է, որ երկրի խորհրդարանն այլեւս միակուսակցական չէ: Նամակի տեքստը հրապարակում է ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերությունը:
Այս շաբաթ Ֆրիդոն Ինջիան, Ավթանդիլ Էնուքիձեն, Գելա Միքաձեն և Դավիթ Զիլփիմիանին մտել են խորհրդարան՝ «Հայրենասերների դաշինք»-ի կուսակցական ցուցակներով: Այժմ նրանք ծրագրում են ստեղծել «Եվրոպական սոցիալիստներ» նոր քաղաքական կազմակերպությունը: Հենց դա էլ հնարավորություն տվեց «Վրացական երազանքին» հայտարարել, որ 10-րդ գումարման օրենսդիր մարմինը այլեւս չի կարող կոչվի միակուսակցական:
«2021 թվականի հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում ստացավ 90 տեղ, իսկ ընդդիմությունը ստացավ ընդհանուր 60 տեղ: Քաղաքական ընդդիմությունը, ներառյալ «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը, որը 10 մանդատից ստացավ չորս մանդատ, չճանաչեց ընտրությունների արդյունքները և հրաժարվեց մտնել օրենսդիր մարմին: Չնայած դրան, կուսակցությունն (խմբ. Հայրենասերների դաշինք) իր ցուցակը հետ չկանչեց ԿԸՀ-ից: Սա նշանակում էր, որ կուսակցության մյուս անդամները կարող էին մտնել խորհրդարան», – ասվում է տեղեկագրում:
«Վրացական երազանք»-ը գրում է նաև, որ ընտրություններից անմիջապես հետո երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունները՝ «Միասնական ազգային շարժում»-ը, «Եվրոպական Վրաստան»-ը, «Գիրչի»-ն և «Հայրենասերների դաշինք»-ը մասնատվեցին մեկը մյուսի հետեւից:
«Կողմերի տարաձայնությունների երկու հիմնական պատճառներն են՝ արևմտամետ ուղու բացակայությունը և խորհրդարանին չանդամակցելու նպատակով երկրում ժողովրդավարական գործընթացների դեմ բոյկոտը», – կարծում է «Վրացական երազանքը»:
Ինչպես նշվում է նամակում, հենց այդ ֆոնին էր, որ «Հայրենասերների դաշինք»-ի չորս անդամներ որոշեցին, որ չեն ցանկանում հրաժարվել իրենց մանդատներից` միաժամանակ հայտարարելով իրենց կուսակցությունից հեռանալու մասին: Ըստ իշխող թիմի, նրանց հայտարարությունները «հստակ ցույց են տալիս», որ «ռուսամետ տրամադրությունները տեղ չունեն արեւմտամետ վրացական խորհրդարանում»: Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք»-ի անդամները վստահ են, որ երկրում ժողովրդավարական գործընթացները կշարունակվեն:
Ընդդիմությունը չի կիսում «Վրացական երազանքի» լավատեսությունը՝ մատնանշելով, որ «Հայրենասերների դաշինք»-ի չորս անդամները չեն կարողանա լեգիտիմացնել օրենսդիր մարմինը: Բացի այդ, իշխանությունների ընդդիմախոսները կարծում են, որ «Վրացական երազանքը» դիտավորյալ է ձգձգում այլ կուսակցությունների մանդատները կասեցնելու ընթացակարգը: