Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 161 069 մարդ, ինչը կազմում է երկրի ամբողջ բնակչության մոտ 4,3 տոկոսը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Օգոստոսի 1-ի դրությամբ պատվաստվում է 495 381 մարդ, նրանք պատվաստանյութի միայն առաջին չափաբաժինն են ստացել:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ից, փուլ առ փուլ ընդգրկելով բնակչության տարբեր խմբեր: Երկիրը զանգվածային պատվաստումների է անցել հուլիսի 5-ից:
Այս պահին Վրաստանում թույլատրվում է Pfizer դեղամիջոցով 16 տարեկանից մարդկանց պատվաստումը։ 45 տարեկանից բարձր անձինք կարող են ընտրել AstraZeneca, իսկ 18 տարեկանից բարձր անձինք՝ Sinopharm կամ Sinovac պատվաստանյութերը:
Ազգային ծրագրի համաձայն, մինչեւ 2021 թվականի ավարտը կովիդից պետք է պատվաստված լինի Վրաստանի չափահաս բնակչության 60 տոկոսը: Մասնագետները կարծում են, որ դա բավարար կլինի կոլեկտիվ իմունիտետի ձևավորման համար։