Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին մունիցիպալիտետի 2021 թվականի բյուջեն: Մունիցիպալիտետի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այս տարի կրճատվել է և կազմում է 9 257 600 լարի:
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, գումարվեց 2020 թվականի Սակրեբուլոյի վերջին նիստը: Սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին 2021 թ.-ի բյուջեն: Օրակարգում, բացի բյուջեի հաստատումից, դրված էր նաեւ 2021 թվականին բյուջեից սոցիալական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու հարցը:
Նիստին ներկա էին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը և քաղաքապետարանի տարբեր ծառայությունների այլ աշխատակիցներ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանը: Բյուջեն ընդունվեց առանց որևէ հատուկ քննարկումների, քանի որ մի քանի անգամ պատգամավորներն արդեն քննարկել էին այն և ուղարկել քաղաքապետարան՝ լրամշակման:
Օրակարգի երկրորդ հարցը 2021 թվականի բյուջեից սոցիալական օգնություն տրամադրելու կարգի հաստատումն էր:
Քաղաքապետարանի սոցիալական ծառայության պետ Կլիմենտ Չտչյանն ասաց, որ փոխվել են երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի չափերը: Երրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացել է մինչև 500 լարի, իսկ չորրորդ երեխայինը ` մինչև 800 լարի, ինչպես նաև յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար գումարած 500-ական լարի:
Քաղաքապետարանի սոցիալական ծառայության պետը նաև հայտնեց, որ ամանորյա տոների կապակցությամբ մունիցիպալիտետը, ավելի քան 75 000 լարիի չափով, 385 ընտանիքի ֆինանսական օգնություն է հատկացրել:
Հայրենական մեծ պատերազմի երկու վետերաններին հատկացվել է 500 -ական լարի, 35 փախստականներին` 300-ական լարի, 4 երկկողմյա ծնողազուրկ երեխաներին` 1000 -ական լարի, 173 միակողմանի ծնողազուրկ երեխայի՝ (ովքեր կորցրել են մեկ ծնողին) 200-ական լարի, 75 սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների` -ական 200 լարի:
Օրակարգի երկու հարցերն էլ միաձայն ընդունվել են:
Պատգամավորները քաղաքապետ Յուրիկ Ունանյանից հետաքրքրվեցին, թե երբ կլուծվեն բնակչությանը հուզող խնդիրները:
Օրինակ, Սիմոն Մանանյանին հետաքրքրում էր, թե երբ է Ալաստան գյուղում բացվելու մանկապարտեզ, քանի որ գյուղում արդեն շենք կա և մանկապարտեզը կարող է սպասարկել երկու գյուղերի՝ Ալաստանին և Կոկիոին:
Գենադի Էլիզբարյանը հետաքրքրվեց, թե ինչու մեկուկես ամիս է չի վերացվում Բավրա գյուղ տանող ճանապարհի ջրագծի վթարը:
Աշոտ Սահարյանն առաջարկեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել արտակարգ իրավիճակներից (օրինակ, երբ ինչ-որ մեկի խոտը կամ տունը այրվում է) տուժած ընտանիքներին:
Բացի այդ, պատգամավորներն առաջարկեցին, որ քաղաքապետարանը դիմի կառավարությանը, որպեսզի այնտեղ վերանայեն բարձրալեռ շրջանների կոմունալ ծառայությունների պետական արտոնությունների նորմերը:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը խոստացավ, որ կքննարկեն այս հարցերը և կփորձեն օգնել: