Վրաստանը Մարդու ազատության ինդեքսում (Human Freedom Index 2020) 162 երկրների շարքում 40-րդ հորիզոնականն է զբաղեցրել, որը կազմվել է Վաշինգտոնի Կատոնի ինստիտուտի (Cato Institute) կողմից՝ կանադական Ֆրեյզերի ինստիտուտի (Fraser Institute) և Ֆրիդրիխ Նաումանի Հիմնադրամի գերմանական ազատական ինստիտուտի (Liberales Institute) հետ համատեղ: Զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին:
Ինդեքսն արտացոլում է 2018 թվականի տվյալները: Այն գնահատում է անձնային, քաղաքացիական և տնտեսական ազատությունների, ինչպես նաև քաղաքացիների անձնական անվտանգության մակարդակը:
Վրաստանի համար ՄԱԻ-ի ինտեգրալ ցուցանիշը 7,87 միավոր է` 10-ը հնարավորից: Երկու տարվա ընթացքում երկիրը չի փոխել իր դիրքերը: Ինչպես և 2017 թ.-ին, Վրաստանը ՄԱԻ-ում 49-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Անձնային ազատությունների ոլորտում, որը բնութագրվում է օրենքի գերակայության և անվտանգության, խոսքի, դավանանքի, միավորումների ազատության ցուցանիշներով, Վրաստանը զբաղեցրել է 58-րդ տեղը (7,56 միավոր՝ 10-ը հնարավորից):
Տնտեսական ազատությունների ոլորտում, որը ներառում էր այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են դատական համակարգի վիճակը, առևտրի ազատությունը, շուկայի կարգավորման ինտենսիվությունը, Վրաստանը հայտնվել է լավագույն 10-յակում: 10 հնարավոր միավորներից երկիրը 8,18 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը:
Ամենավատ վիճակը Վրաստանում «Օրենքի գերակայություն» կատեգորիայի ազատությունների իրավիճակն է՝ 5,4 միավոր: Այս խումբը ձևավորվում է այնպիսի ենթակետերից, ինչպիսիք են՝ դատավարական նորմերը, քաղաքացիական արդարադատությունը և քրեական արդարադատությունը:
Ընդհանուր առմամբ, վերջին ութ տարիների ընթացքում Վրաստանում գրանցվել է Տնտեսական ազատության ինդեքսի չնչին աճ (0.4 միավորով): Ըստ անձնային ազատության ինդեքսի, ութ տարվա ընթացքում գրանցվել է 0.14 միավոր հետաճ:
ՄԱԻ-ը հետխորհրդային երկրների համար
Հետկոմունիստական երկրներից ամենաազատը 2018 թ.-ին ճանաչվել է Էստոնիան, որը 8,54 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը: Եթե խոսենք հետխորհրդային տարածքի մասին, ապա Էստոնիային հաջորդում է Լիտվան, որը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը: Հետկոմունիստական երկրների շարքում երրորդ տեղում է Լատվիան՝ 8,34 միավոր և 22-րդ հորիզոնական, իսկ Վրաստանը չորրորդ տեղում է:
Մոնղոլիան զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը, Հայաստանը՝ 61-րդ, Ղազախստանը՝ 75-րդ, Մոլդովան՝ 78-րդ, Ղրղըզստանը՝ 70-րդ, Ուկրաինան՝ 110-րդ, Ադրբեջանը՝ 116-րդ, Ռուսաստանը՝ 128-րդ, իսկ Տաջիկստանը՝ 138 տեղը:
Տենդենցներն աշխարհում
ՄԱԻ-ում երկրների միջին միավորը կազմել է 6,93: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի, Կանադայի և Գերմանիայի հետազոտողները նշում են, որ վերջին տասը տարիների ընթացքում համաշխարհային ազատության ընդհանուր մակարդակը նվազել է 0,04%-ով:
Աշխարհում 2018 թ.-ի ամենաազատ երկիրը Նոր Զելանդիան է դարձել (8,87), երկրորդ տեղում է հայտնվել նախկինում առաջատար Շվեյցարիան (8,82): Երրորդ տեղը զբաղեցնում է Հոնկոնգը (8,74 միավոր): Վերջին հորիզոնականներում են՝ Վենեսուելան, Սուդանը և Սիրիան:
Ազատության վերին քառորդում գտնվող երկրները մեկ շնչի հաշվով ունեն զգալիորեն ավելի բարձր միջին եկամուտ: Ինդեքսում նշվում է նաև մարդու ազատության և ժողովրդավարության սերտ կապը, բայց Հոնկոնգը բացառություն է այս առումով:
Հաշվարկման մեթոդաբանությունը
Մարդու ազատության ինդեքսը (ՄԱԻ) կարելի է ասել առաջին համապարփակ ինդեքսն է, որն ամբողջությամբ գնահատում է ազատությունների վիճակը մարդու կյանքի և գործունեության որոշակի ոլորտներում: Այն ներառում է անձնային, քաղաքացիական, տնտեսական ազատությունների 79 ցուցանիշներ, որոնք ազդում են մարդու գործունեության 12 ոլորտների վրա.
• օրենքի գերակայություն,
• անվտանգություն,
• տեղաշարժի ազատություն,
• կրոնական դավանանքի ազատություն,
• միությունների և քաղաքացիական միավորումների ազատություն,
• արտահայտվելու և տեղեկատվության ազատություն,
• ինքնության և անձնական հարաբերությունների ազատություն,
• պետության չափեր,
• իրավական համակարգի որակը և սեփականության իրավունքի պաշտպանություն,
• հուսալի դրամական միջոցների հասանելիություն,
• միջազգային առևտրի ազատություն,
• բիզնեսի, աշխատանքի, վարկի կարգավորում: