Ռուդիկ Մակարյանն այն դեռահասն է, ով 16 տարեկան հասակում արդեն հասցրել է հաղթել Ռուսաստանի շախմատի պատանիների առաջնությունը: Նա ծնունդով Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղից է, սակայն երկար տարիներ ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանում:
«Դա շատ վաղուց էր, երբ ես ընդամենը 4 տարեկան էի: Պապս ցույց տվեց, թե ինչպես ճիշտ դասավորել խաղաքարերը, ես հետաքրքրվեցի, սովորեցի խաղալ, իսկ հետո, երբ տեղափոխվեցի Ռուսաստան, սկսեցի լրջորեն զբաղվել շախմատով», – Ռուդիկ Մակարյանն այսպես է նկարագրում իր առաջին ծանոթությունը շախմատի խաղաքարերի և խաղատախտակի հետ:
Նա վստահեցնում է, որ ոչ ոք իրեն չի ստիպել զբաղվել շախմատով, նա ինքն է դրանով հետաքրքրվել, իսկ ծնողները նույնիսկ որոշ չափով դեմ են եղել նրա այս զբաղմունքին, ինչը շատ ժամանակ էր խլում Ռուդիկից և շեղում էր նրան դասերից:
Չնայած այն հանգամանքին, որ նրա ընտանիքի տեղափոխումը Վրաստանից Ռուսաստան ոչ մի կապ չուներ Ռուդիկի զբաղմունքի հետ, թեև հենց Մոսկվայում նրա այս զբաղմունքը վերածվեց մասնագիտական գործունեության, երբ էլ գրանցվեցին նրա առաջին հաջողությունները՝ մոտ 10 տարեկան Ռուդիկն առաջին անգամ հաղթեց Մոսկվայի առաջնությունում, հետագայում ևս 5 տարի անընդմեջ հաղթում էր: Ռուսաստանի մայրաքաղաքում նա սովորում էր Մոսկվայի շախմատի առաջատար դպրոցներից մեկի մասնաճյուղում:
Ալաթումանից հեռանալուց հետո Ռուդիկն ընտանիքի հետ տեղափոխվում է նախ Հայաստան, մեկ տարի այնտեղ բնակվելուց հետո մեկնում է Ռուսաստան: Ռուդիկի տատիկն ու քեռին ապրում են գյուղում: Ինչպես ասում է, ինքը միշտ կապ է պահպանում հարազատների հետ, և հնարավորության դեպքում, ընտանիքով այցելում են իրենց փոքրիկ հայրենիքը:
Ըստ Ռուդիկի, Ախալքալաքից հեռանալու պատճառներից մեկը մարդու լիարժեք զարգացման համար հնարավորությունների բացակայությունն է: «Օրինակ՝ ես Ախալքալաքում չեմ ճանաչում շախմատի գոնե մեկ մարզչի, իսկ Հայաստանում նրանց կարելի է հանդիպել յուրաքանչյուր շքամուտքում: Մեծ քաղաքում ավելի շատ հնարավորություններ կան», – ասում է նա:
Նշենք, որ մինչեւ 20 տարեկան տղաների և աղջիկների Ռուսաստանի պատանեկան առաջնությունն ավարտվել է դեկտեմբերի 16-ին՝ Մոսկվայի Կենտրոնական շախմատի տանը: Ռուդիկ Մակարյանը պատանիների շրջանում նվաճել է ոսկե մեդալ: