Դադեշցի երիտասարդի օրը սկսվում և ավարտվում է քիքբոքսինգով։ Ռոբերտ Ափոյանը դեռ 4 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով, սկզբում տանը՝ պապիկի հետ, այնուհետև արդեն մարզադահլիճում։ Ունի մի նպատակ՝ հասնել «ONE CHAMPIONSHIP»:

Մանուկ հասակում փոքրամարմին է եղել, պապն անհանգստացել է, որ թոռնիկը կարող է կարճահասակ մնալ և սկսել է պարապել թոռան հետ:

Ռոբերտ պապը, ում անունը կրում է թոռը, ասում է. «Սկսեցի պարապել, որ բոյովանար։ Մրգեր էի ուտեցնում, տուռնիկ էի քաշեցնում, ժիմ էի անել տալիս, լողավազան կառուցեցի, որ լողա, հետո անցանք հեծանիվ վարելուն, իսկ երբ սկսեց պարապել մասնագետի հետ, ես կողքի քաշվեցի»:

mec u poqr robertner

Ութ տարեկանից Ռոբերտն սկսում է կանոնավոր կերպով մարզումների հաճախել:

«Սկզբում պարապում էի տանը, իսկ երբ գյուղում բացվեց սպորտդահլիճ այդ ժամանակվանից սկսեցի Անդրանիկ Աբելյանի մոտ մարզվել», – ասում է Ռոբերտը:

Մեր հերոսն առաջին անգամ 2018 թվականին է Բաթումինում մասնակցում է քիքբոքսինգի միջազգային մրցաշարի՝ զբաղեցնելով 2-րդ տեղ:

Երկրորդ անգամ Երևանում է մասնակցում ընկերական մրցույթի, որտեղ նոկաուտի ենթարկելով մրցակցին հաղթում է:

Robert

Պրոֆեսիոնալ ասպարեզում առաջին անգամ մենամարտել է 14 տարեկանում՝ նվաճելով չեմպիոնական գոտին: Նրա մրցակիցն այդ ժամանակ եղել է Իրանի ներկայացուցիչը։

2017 թվականին սկսել է պարապել Ախալքալաքի մարզահամալիրում Արմեն Գրիգորյանի մոտ, իսկ երբ գյուղում է սպորտ դահլիճ բացվել, մարզումները շարունակել է գյուղում։

godi

Կարծես տանը բոլորը դեմ են, որ Ռոբերտը մրցումների մասնակցի, բայց ուզում են, որ սպորտով զբաղվի: Պատճառը մեկն է՝  որ ոչ հարվածի, ոչ էլ հարված ստանա։ Ռոբերտի մայրիկը չի կարողանում հետևել որդու մենամարտերին:

Ասում է, որ իր սրտով չի, բայց քանի որ որդին սիրում է այդ սպորտաձևը, ինքը չի ընդդիմանում:

«Մինչև մրցումներից հետ է գալիս, վայը գալիս տանում է ինձ», – ասում է Ռոբերտի մայրը:

«Ընտանիքիս անդամները դեմ չեն, որ սպորտով զբաղվեմ, բայց դեմ են, որ մրցումների եմ մասնակցում: Ես շատ շնորհակալ եմ իմ մարզիչին՝ Անդրանիկ Աբելյանին, ինչպես նաև սպորտհամալիրի յուրաքնաչյուր մարզչի, նրանք են ինձ հասցրել է այս աստիճանին», – ասում է Ռոբերտը։

Մեր հերոսը սպորտում միշտ նմանվել է Կոնոր Մաքգրեգորին, մցումների ժամանակ փորձում է կատարել նրա տեխնիկական շարժումները:

Ցանկանում է մենամարտել Գիորգի Միրզոյանի հետ: Գիորգին հայտնի հայ մարզիկ է Մառնելուլիի շրջանից:

medalner

Ամեն անգամ ռինգ բարձրանալիս Ռոբերտ Ափոյանը շնորհակալություն է հայտնում Աստծուն: Վստահեցնում է սպորտում մենակ ուժեղ լինելը քիչ է, հարկավոր է խելք ու սպորտային տեխնիկա, նպատակիդ հասնելու համար:

Մարտ ամսին Ռոբերտը Ախալքալաքում կմասնակցի քիքբոքսինգի միջազգային մրցաշարին։ Ինչպես նաև արդեն հրավեր է ստացել մասնակցելու Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին:

Մարզիչը գոհ է Ռոբերտից, ասում է՝ առաջ գնալու մեծ պոտենցիալ ունի։

«Այս որակի սպորտսմեն շատ քիչ կա, շատ հետաքրքիր տեխնիկա ունի: Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ», – ասում է Անդրանիկ Աբելյանը։

Ռոբերտ Ափոյանը մի նպատակ ունի՝ հասնել «ONE CHAMPIONSHIP», որի համար էլ քրտնաջան աշխատում է, պարապում է ինչպես սպորտ դահլիճում, այնպես էլ տանը:

Նա դեռ դպրոցական է, չի կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Երազում է օվկիանոսից այն կողմ հայտնվելու մասին, Ամերիկան է Ռոբերտին ձգում: Վստահ է այնտեղ կկարողանա իրականացնել իր բոլոր երազանքները, որոնց մասին այսօր համեստորեն լռում է: