Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղի բնակիչները բողոքում են գյուղում ամբուլատորիայի բացակայությունից: Նրանց խոսքով՝ իրենց խոստացել են ամբուլատորիան կառուցել, բայց չեն արել:

Խավեթ գյուղի բնակիչներն ասում են, քանի որ գյուղը հեռու է գտնվում մունիցիպալիտետի կենտրոնից, անհրաժեշտ է, որ գյուղն ունենա ամբուլատորիա:

«Աստված մի՛ արասցե, եթե ինչ-որ մեկին մի բան պատահի, մենք ժամանակ չենք ունենա հիվանդին այս ճանապարհներով տեղափոխել Ախալքալաք, տվյալ մարդը կմեռնի: Մենք չենք ասում, որ իշխանությունները հիվանդանոց կառուցեն: Մենք ուզում ենք, որ ամբուլատորիա կառուցեն՝ առաջին բուժօգնություն ստանալու համար», – ասում է գյուղի բնակիչներից Լեռնիկ Պետրոսյանը:

Ինչպես պնդում են գյուղացիները՝ իրենք բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, սակայն ապարդյուն:

«Անցյալ տարի եկան, տեսան տեղանքը, իբր նախագիծ կազմեցին, սակայն, ինչպես տեսնում եք, դեռ արդյունք չկա», – ասում է Սամվել Պողոսյանը:

Ըստ Խավեթում քաղաքապետի ներկայացուցիչ Խաչատուր Մովսեսյանի, շենքի նախագիծն արդեն պատրաստ է, շինարարությունը ձգձգվել էր կորոնավիրուսի պատճառով: Ըստ նրա, հաջորդ տարի ՝ 2021 թ.-ին, նոր ամբուլատորիան կկառուցվի գյուղի կենտրոնում՝ հնի դիմաց։

Վերջին երկու տարիներին Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր ամբուլատորիաներ են կառուցվել Զակ, Չամդուրա, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում: Բարալեթ, Դիլիսկա, Ազավրեթ, Արագվա, Ալաստան և Կումուրդո գյուղերում վերանորոգվել են արդեն գոյություն ունեցող շենքերը:

Եվս չորս գյուղերում նոր ամբուլատորիաներ կառուցելու համար հատկացվել է 360 000 լարի, իսկ վեցում վերանորոգման համար՝ 250 000 լարի, ընդհանուր նախագծի գումարի չափը կազմել է 610 000 լարի:

Ախալքալաքի շրջանում նորմալ գործում է ընդամենը 3 ամբուլատորիա, մնացածը գործում են մասնավոր տներում, ինչը օրենքով արգելված է:

Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանի խոսքով, մեր շրջանում պետք է լինի առնվազն 62 ամբուլատորիա: