Ալաստան գյուղում «Օգնություն գյուղին» (ՕԳԾ) ծրագրով հատկացված գումարներով վերականգնեցին խմելու ջրի գիծը, բայց գումարը բավարար չէր ջրամատակարարման գիծն ամբողջությամբ փոխելու համար: Ավելի քան 2 կմ խողովակներ մնում են մաշված, արտահոսող վիճակում, այդ իսկ պատճառով ջրի կորուստը մեծ է:
Ալաստան գյուղում խմելու ջրի պակաս կա, ճանապարհին ջրի կորուստների պատճառով հաճախ ջրախողովակում ճնշումն ընկնում է:
«Գյուղում խմելու ջուրը քիչ է, այս տարի ջրախողովակը վերանորոգվեց, բայց մի մասը մնաց, գումարը չբավարարեց: Երբ ղեկավարությունը եկել էր մեր մոտ, խոստացան, որ գումար կհատկացնեն գիծն ամբողջովին վերականգնելու համար, բայց այժմ ինչ-ինչ պատճառներով ամեն ինչ դադարեցված է », – ասում է գյուղի բնակիչ Ռոբերտ Ծածուրյանը:
Խաչատուր Մխչյանը դժգոհում է, որ ջուրը նաև կեղտոտ է:
«Ջրամբարը բաց է, ամեն տեսակ կեղտ է ներս է ընկնում, անհնար է խմել այս ջուրը առանց եռացնելու», – ասում է Խաչատուր Մխչյանը:
Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով գյուղին հատկացված ամբողջ գումարը՝ 16,000 լարին, ծախսվել է ջրամատակարարման խողովակի վերականգնման համար՝ մաշվածությունը վերացնելու և գյուղը խմելու ջրով պատշաճ ապահովելու նպատակով, ինչպես նաև հնարավոր կորուստներից խուսափելու համար: Սակայն, գումարը չբավարարեց գիծն ամբողջովին վերականգնելու համար:
Ըստ Ալաստան գյուղի լիազոր ներկայացուցիչ Արթուր Իրիցյանի, նրանք վերականգնել են 1500 մ խողովակ, սակայն, 2300 մ դեռ պետք է փոխվի:
«Այո, ՏԻՄ-ն իսկապես խոստացել էր այդ գումարը հատկացնել, որպեսզի մենք ավարտենք ամբողջ գիծը, բայց դա, հավանաբար, կլինի հաջորդ տարի: Այս տարի նրանք փող չունեն», – ասաց Արթուր Իրիցյանը:
Այն փաստը, որ կեղտը մտնում է խմելու ջրի գլխամասային ջրամբարի մեջ, Արթուր Իրիցյանը տեղյակ էր և ասաց, որ իրենք մտածում են քայլեր ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար:
Ախալքալաքի քաղաքապետարանի շինարարության բաժնի պետ Գարիկ Գալիվոնջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հնարավորության դեպքում նրանք գումար կհատկացնեն:
«Մենք ունենք գյուղեր, որտեղ ՕԳ ծրագրի աշխատանքները մնացել են անավարտ, մենք խոստացել ենք տեղական բյուջեից գումար հատկացնել այդ աշխատանքներն ավարտին հասցնելու համար,սակայն այժմ մենք ֆինանսներ չունենք, հնարավորության դեպքում մենք կհատկացնենք», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակազմի շինարարության բաժնի պետ Գարիկ Գալիվոնջյանը:
Շուշան Շիրինյան