Վրաստանի Լագոդեխիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում համագյուղացիները ստիպել են մի երիտասարդի հագնել կանացի զգեստ և անցնել «ամոթի միջանցքով»։
Ներկայումս երեք մարդ մեղադրվում է հարկադրանքի և մարդկային արժանապատվությունը նվաստացնելու մեջ։ Ձերբակալվածներին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Գուրջաանիի դատարանը երեքին ուղարկել է նախնական կալանքի՝ մինչ հետաքննությունն ավարտվի:
Հայտնի է, որ հոկտեմբերի 30-ին գյուղում մի քանի հոգի՝ հայտնի որպես ոչ պաշտոնական «վիճաբանությունը լուծող խումբ», հայտնել են, որ իրենց համագյուղացին ամոթալի արարք է կատարել և պետք է քավի իր մեղքը։
29-ամյա երիտասարդին կանացի հագուստ են հագցրել և պտտել փողոցներով, որտեղ բնակիչները դուրս են եկել՝ ոմանք սուլել են և նկարահանել կատարվածը։
Գյուղի բնակիչներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում պնդել է, որ երիտասարդը փորձել է բռնաբարել իր դստերը, ինչից հետո ընտանիքը եկել է ներողություն խնդրելով և ինքն է իր համար ընտրել ապաշխարության-պատժի ձևը:
Աղջկա ընտանիքը, այնուամենայնիվ, դիմել է ոստիկանություն, սակայն ՆԳՆ-ից առայժմ տեղեկություններ չկան բռնաբարության փորձի դեպքի հարուցման մասին։
Աղբյուրը՝ Newsgeorgia