Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել է, որ ինքը ոչ միայն հիասթափված է, այլ նաև զայրացած այն արդյունքից, որին Վրաստանը հասել է եվրաինտեգրման ճանապարհին։ Երկրի ղեկավարը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։
«Դուք կարող եք հիասթափվել, ես ավելի շատ պատկանում եմ զայրացած մարդկանց կատեգորիային։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ մեզ հետ, նախազգուշացում է հանդիսանում: Սա մեր մեղքն է։ Մենք ասում ենք, որ մենք դրան արժանի չէինք, բայց արժանի էինք»,- ասել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ այսօր հանձնվելու ժամանակը չէ։
Նախագահի խոսքով, Վրաստանը, որը նման ճանապարհ է անցել վերջին 30 տարիների ընթացքում, այսօր շատ հետ է մնում երկու բարեկամ երկրներից և գործընկերներից՝ Ուկրաինայից և Մոլդովայից։
«Իհարկե, սա մեր մեղքն է, բա էլ ո՞ւմն է»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին միաժամանակ ընդգծել է, որ «Եվրոպան մեզ չի լքել, Եվրոպան մեզ չի պատասխանել հրաժարակնով»։ Ավելին, նախագահի խոսքով, Վրաստանը ստացել է այն, ինչի մասին չէր էլ կարող նույնիսկ երազել, եթե չլինեին տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ուկրաինական պատերազմը, Եվրամիությանն անդամակցության սեփական հեռանկարի ճանաչումը։
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է նաեւ, որ Եվրահանձնաժողովի պահանջած բարեփոխումներն իրականացնելու համար ճիշտ կլինի խումբ ստեղծել՝ «կառուցողական ընդդիմության» գլխավորությամբ։
«Մենք պետք է ստեղծենք հատուկ անկախ ինստիտուտ, որի գործունեությունn ուղղված կլինի նրան, որ երկիրը հասնի հաջողության մինչև տարեվերջ։ Կարծում եմ՝ շատ լավ ուղերձ կլինի մեր գործընկերների համար, եթե այս աշխատանքային խումբը ղեկավարվի կառուցողական ընդդիմության կողմից։ Եթե նման ինստիտուտ ստեղծվի, քաղաքական առումով դա կլինի ամենաճիշտ ճանապարհը, քանի որ պատասխանատվությունը կբաշխվի երկու կողմերի միջև»։