Առավոտվանից Ախալքալաքում աշխատում են հագուստի և գյուղատնտեսական շուկաներ, ինչպես նաև բոլոր խանութները:
Ախալքալաքի կենտրոնում գտնվող կոշիկի խանութն առավոտյան չկարողացավ սպասարկել հաճախորդներին: Գնորդը ցանկանում էր կոշիկի կոնկրետ մոդել, սակայն վաճառողը չկարողացավ գտնել այն տուփերում: Երեկ շուտափույթ փաթեթավորված ապրանքը բացելու համար մի քանի ժամ պահանջվեց:
«Երեկ ոստիկանները մեզ ասացին, որ խանութը կարող է բաց լինել մինչև գիշերվա ժամը 12-ը, իսկ հետո այն չի թույլատրվի բացել: Մենք շտապ հավաքեցինք բոլոր ապրանքները, դրանք դրեցինք տարբեր մեծ արկղերի մեջ, հիմա չենք կարող դասավորել և կարգի բերել խանութը: Մենք ստիպված էինք մի քանի գնորդների ասել, որ հետո գան, բայց դժվար թե նրանք գան», – ասում է կոշկի խանութի վաճառողը:
Բանն այն է, որ, ըստ խանութպանի, երեկ ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ այսօրվանից պետք է փակվեն մթերային խանութները և հագուստի շուկան, և որ նրանք այդ կապակցությամբ հրաման են ստացել:
Որոշ վաճառողներ լսել են ոստիկանությանը և երեկ երեկոյան իրենց ապրանքը տուն են տարել, որպեսզի այն վաճառեն տնից:
Առավոտվանից քաղաքի բոլոր խանութները սկսել են աշխատել: Վաճառողների խոսքով, նրանք երեկ երեկոյան ճշտել են տեղեկատվությունը, իսկ առավոտյան արդեն դուրս են եկել աշխատանքի:
«Մենք ցնցված էինք, գիտե՞ք ինչ զգացողություն է, երբ քեզ ասում են, որ երկու ամիս չի կարելի աշխատել», – ասում է խանութի վաճառողներից մեկը, որտեղ վաճառվում է սպասք և դեկոր:
Հագուստի շուկայի վաճառողներից շատերը աշխատանքի են անցել: Նրանք վրդովված են ոստիկանության պահվածքից:
«Մեզ ասացին, որ փակվենք: Մենք ասացինք, որ JNEWS-ն ասում է, որ Ախալքալաքը ներառված չէ այն քաղաքների ցուցակում, որտեղ խանութներն ու շուկաները պետք է փակվեն: Ոստիկանը մեզ պատասխանեց, որ JNEWS-ն ինչ լսում է, այն էլ գրում է, և որ իրենք ստացել են համապատասխան հրահանգ: Այնուամենայնիվ, երեկոյան Ձեր կայքում հաստատեցիք, որ կարող ենք գնալ աշխատանքի: Այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք», – ասում է հագուստի շուկայի վաճառողներից մեկը:
Նշենք, որ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքից երեկ հայտնեցին, որ ոստիկանները պարզապես նախազգուշացնում էին մարդկանց ընդհանուր սահմանափակումների մասին, և որ մարդիկ,հավանաբար, սխալ են հասկացել տեղեկատվությունը:
Ապագայում արդյո՞ք արգելափակումը(լոքդաուն) կվերաբերի Ախալքալաքին, որտեղ նույնպես տարածված է կորոնավիրուսը, դեռ պարզ չէ: