Jnews-ը ստացել է Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում բռնկված հրդեհի վայրում նկարահանված տեսանյութ: Տուժածներ չկան, այրվել է ավտոտնակ և «Ֆորդ» մակնիշի մեքենան: Ականատեսները վրդովված են, որ ժամանել է 2 հրշեջ մեքենա, մեկը փչացել է, երկրորդի ջուրն է վերջացել:
Նոյեմբերի 24-ին, ժամը 22:30-ին հրդեհ է բռնկվել Սուլդա գյուղի ավտոտնակներից մեկում: Հրդեհվել է նաև «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել ավտոտնակից ոչ հեռու: Ավտոտնակում ալյուր ու գարի էր պահվում: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
asiga 2
Բնակիչները զանգահարել են Արտակարգ իրավիճակների ծառայություն, իսկ առաջին հրշեջ մեքենան, ըստ ականատեսի, ժամանել է 50 րոպե անց, սակայն չի կարողացել մարել կրակը, քանի որ վնասվել է ջրմուղ պոմպը: Երկրորդ մեքենան ժամանել է դրանից 30 րոպե անց, բայց չի կարողացել մարել կրակը, քանի որ մոտ 10 րոպե հետո ջուրը վերջացել է:
Գյուղի բնակիչները դույլերով ջուր էին կրում փչացած հրշեջ մեքենայից: Արդյունքում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 1:00-ին, համատեղ ջանքերով հաջողվել է մարել կրակը:
Հրդեհի պատճառները պարզելու համար տեղում աշխատում էին նաեւ ոստիկանության աշխատակիցները: