Այսօր՝ ընտրությունների օրը, Ախալքալաքի ընտրողը հայտնաբերեց, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների մեջ, որոնց միջեւ նա պետք է ընտրություն կատարի, 4 անծանոթ թեկնածու կա: 4 կուսակցություններ այնպես էին առաջադրել իրենց թեկնածուներին, որ այդ մասին ընտրողին նույնիսկ չէին ակնարկել:

Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության 9 թեկնածու կար: Տեղացիները տեղյակ էին միայն 5-ի մասին, իսկ մնացած 4 թեկնածուները ընտրության օրը «անակնկալ» դարձան ընտրողի համար:

«Բեժան Գունավա-վրացական ընտրություն» կուսակցությունը Դիանա Հարությունյանին առաջադրել էր որպես Ախալքալաքում և Նինոծմինդայում մեծամասնական թեկնածու, բայց ոչ կուսակցության պաստառները, ոչ թեկնածուի պաստառները չկային, ավելին՝ Ջավախքում թեկնածուի ներկայացումը տեղի չէր ունեցել:

«Վրաստան» կուսակցությունն առաջադրել էր Միխեիլ Շիոշվիլիին, բայց ոչ մի պաստառ, ոչ մի գովազդ, ոչ մի ներկայացում, «ոչ բարև, ոչ ցտեսություն»:

«Ազատ Վրաստան» կուսակցությունը նախ առաջադրել էր Սամվել Եղիազարյանին Ախալքալաքից, նույնիսկ նրան ներկայացրել էր Ախալքալաքի ընտրողին, բայց նա որոշ ժամանակ անց հրաժարվել էր պայքարից: Դրանից հետո կուսակցությունն առաջադրել էր մեկ այլ թեկնածուի՝ Ամիրան Չախալիձեին, բայց այս մասին ընտրողին չէր տեղեկացրել:

«Փոխիր Վրաստանը» կուսակցությունն առաջադրել էր Էլզա Գրիգորյանին, բայց մոռացել էր ընտրություններից առաջ տեղյակ պահել ընտրողին այդ մասին` երևի մտածելով, որ ընտրությունների օրը նայելով քվեաթերթիկին միևնույն է կճանաչեն նրան: