Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ողջ աշխարհի կաթոլիկները նշում են քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկը՝ Քրիստոսի ծնունդը: Այս տոնը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև Հունաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի ուղղափառ եկեղեցիները։ Սուրբ ծնունդը Ջավախքի հայ կաթոլիկների համար ամենահանդիսավոր կրոնական տոներից է։

Ջավախքում 10 գյուղ կա, որոնք խիտ բնակեցված են կաթոլիկ հայերով։ Այդ գյուղերից չորսը՝ Ուջմանան, Թորիան, Ժդանովականը և Հեշտիան, գտնվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ևս վեցը՝ Ալաստանը, Վարևանը, Թուրցխը, Կարտիկամը, Բավրան, Խուլգումոն՝ Ախալքալաքում։

Վրացի կաթոլիկների Սուրբ ծննդյան գլխավոր արարողությունը տեղի է ունենում Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճարում, որտեղ եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտոն մատուցում է տոնական Սուրբ և Անմահ Պատարագ։

Բոլոր կաթոլիկ եկեղեցիներում պատարագի ժամանակ կբերվի Էմմանուելի կամ աշխարհի մանուկի արձանը, որը նշում է Փրկչի ծնունդը։

Կաթոլիկ եկեղեցին Վրաստանում գոյություն ունի 13-րդ դարից։ Այսօր երկրում կա ավելի քան 50 կաթոլիկ եկեղեցի։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցել է Սուրբ ծննդյան պատարագ՝ հիշեցնելով հավատացյալներին Գազայի հատվածում պատերազմի ֆոնին խաղաղության կարևորության մասին:

Պոնտիֆիկոսը կիրակի երեկոյան Վատիկանում պատարագի ժամանակ հավատացյալներին հիշեցրել է Սուրբ ծննդյան ուղերձը՝ «Խաղաղություն երկրի վրա»:

Մերձավոր Արևելքի պատերազմի վերաբերյալ Ֆրանցիսկոսն ասաց. «Այս գիշեր մեր սրտերը Բեթղեհեմում են, որտեղ խաղաղության արքայազնը դեռ մերժված է պատերազմի դատապարտված տրամաբանությամբ, հրացանների որոտյունով»:

Ըստ Վատիկանի տվյալների՝ Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Պատարագին մասնակցել է մոտ 7000 մարդ: Հազարավոր մարդիկ իրադարձություններին հետևում էին մեծ էկրաններով՝ Սուրբ Պետրոսի հրապարակում։

Երկուշաբթի օրը Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կսփռի իր ավանդական «Urbi et Orbi» օրհնությունը։

Սուրբ ծնունդն այս տարի Սուրբ երկրում շատ համեստ է նշվում Գազայի պատերազմի պատճառով։ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում, Բեթղեհեմում, ըստ Աստվածաշնչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդավայրում, գրեթե չկան ուխտավորներ կամ զբոսաշրջիկներ, տոնածառեր կամ այլ խոշոր զարդարանքներ: