Կորոնավիրուսը խառնեց խոպանչիների բոլոր ծրագրերը: Համաճարակի տարում շատերը Ջավախքում մնացին տանը, այնպես ինչպես փակ սահմանների պատճառով չկարողացան արտերկիր մեկնել արտագնա աշխատանքի: Տեղում գումար վաստակել հնարավոր չէ: Խոպանի ճանապարհն այսօր հեշտ չէ, ոչ միայն թանկ է, այլև երաշխիք չկա, որ մարդիկ կհասնեն նշանակության վայր, սակայն նրանք ամեն դեպքում պարտադրված են ընտրել այդ ճանապարհը:
Վալեր Մելքոնյանը գրեթե երկու տասնամյակ է արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Անցած տարի վարակի պատճառով չի կարողացել գնալ, որպեսզի ևս մեկ տարի տունը չմնա և պարտք պարտքի վրա չկուտակի նա բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով կարողացել է հասնել Ռուսաստան: Բայց ի՞նչպես…
«Ոչ ոք չգիտի` ինչ կլինի, երբ համաճարակը կվերանա, սահմանները երբ կբացվեն, ով կկարողանա գնալ, ով՝ ոչ, կարող է սեպտեմբերին, իսկ այդ ժամանակ խոպան գնալն իմաստ չունի»,- ասում է Վալերը:
Ջավախքում տղամարդկանց 70 տոկոսն ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում։ Հիմա շատերն են Վալերի վիճակում հայտնվել և ստեղծված իրավիճակից ելք են փնտրում: Վալերն ասում է, որ Ռուսաստան հասնելու համար ավելի քան 2000 դոլար և մեկ ամիս ժամանակ է պահանջվել, ստիպված է եղել մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել, տոմսերը հետ տալ: Եվ միայն դրանից հետո փոխելով մի քանի տրանսպորտային միջոց, այդ թվում ինքնառիթ, Վրաստանից շրջանցիկ ճանապարհներով հասնել է Ռուսաստան:
Անցյալ տարի սահմանները փակ էին գրեթե բոլորի համար: Սակայն պարզ դարձավ, որ այդ կերպ տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, որը հղի է տնտեսական աղետով, քանի որ աշխատունակ բնակչության մեծ մասը նոր վարկ էր վերցնում, որպեսզի փակի հինը: Իշխանությունները որոշել են զիջումների գնալ և երկրից Հայաստան թողնել միայն այն մարդկանց, ովքեր արտագնա աշխատանքի են գնում: Բացի այդ, մեկնելու իրավունք ունեն այն մարդիկ, ովքեր գնում են բժշկական ծառայություններ և կրթություն ստանալու նպատակով: Հատուկ դեպքերում թույլտվությունը տրվում էր Արտաքին գործերի նախարարությունից: Արդեն 2021 թվականի փետրվարից երկիրը լքելու փաստաթուղթը սկսեց տրամադրել Ախալքալաքի քաղաքապետարանը:
Եվ այսպես, Վալերը սկզբից Ախալքալաքի քաղաքապետարան է դիմել Հայաստան մեկնելու թույլտվություն ստանալու համար: Երեք օրից այդքան սպասված թույլտվությունն ստանալով, կորոնավիրուսի թեստ է հանձնել՝ վճարելով 100 լարի և գնացել Երևան: Երևանում նախ երկքաղաքացին հայկական անձնագիրն է փոխել, հետ տոմս գնել և նորից կորոնավիրուսի թեստ հանձնել (+ 100 լարի ծախս), որ հասնի Ռուսաստան: Սակայն Վալերն առաջին փորձից չի կարողացել թռնել Մոսկվա: Բանն այն է, որ Երևան-Մոսկվա չվերթների տոմսերը այնքան թանկ են, որ Վալերը որոշում է Երևան-Ուֆա և Ուֆա-Մոսկվա չվերթով և անհամեմատ ավելի ձեռնտու հասնել Մոսկվա:
Նա արդեն կորոնավիրուսի թեստ էր հանձնել և ամեն ինչ պատրաստ էր, բայց թռիչքից ընդամենը ժամեր առաջ նա նամակ է ստանում, որ Երևան-Ուֆա թռիչքը հետաձգել են երկու օրով, իսկ Ուֆա-Մոսկվա թռիչքը՝ 5 օրով: Վալերը այդ տոմսերի համար վճարել էր 25 000 ռուբլի (ավելի քան 1100 լարի):
Վալերը ստիպված է լինում տոմսերը հետ տալ և նոր տոմս գնել առաջիկա ամենամոտ Երևան-Մոսկվա չվերթով: Եվ նորից կորոնավիրուսի թեստ է հանձնում:
«Տեսեք ինչքան է խոպանչին տանջվում աշխատելու համար: Էլ չասեմ ինչքան գումար է անհրաժեշտ միայն ճանապարհի համար: Մի տարի խոպան չեմ գնացել, հետո էլ այսքան խնդիրներ: Բանկից վարկ եմ վերցրել ամբողջ տարին ապրել եմ, հիմա վարկը չեմ կարողանում փակել, ծնողներիս թոշակով վարկ եմ փակում: Զանգեցի Ռուսաստան այն մարդուն, ում մոտ աշխատում եմ, նա է գումար ուղարկել, որ գնամ: Պայմանով, որ աշխատեմ փակեմ», – նշում է նա:
Ջավախքի բնակիչների աշխատանքը Մոսկվայում
Վալերն արդեն երկու ամիս է Մոսկվայում է, այս ամբողջ ընթացքում նա աշխատում է, որպեսզի պարտքը փակի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում մոտավոր 11 605 ընտանիք է ապրում: Jnews-ի ուսումնասիրության համաձայն՝ այդ ընտանիքների 63%-ն ապրում է արտերկրից ստացված միջոցներով, մասնավորապես, Ռուսաստանից և հետխորհրդային երկրներից (Jnews-ի հարցման տվյալները 2018 թվականի են արված, որն անցկացվել է շրջանի յուրաքանչյուր գյուղում և քաղաքում): 2019 թվականին 6 745 ընտանիքից արտագնա աշատանքի է մեկնել տղամարդկանց, որը կազմում է 60% տոկոս, իսկ ահա համաճարակի տարում՝ 2020 թվականին խոպան են գնացել ընդամենը 1260 ընտանիքից, որը կազմում է 11%: Կարողացել են գնալ միայն նրանք, ովքեր ունեն ռուսական քաղաքացիություն, ընտանիքի անդամնեըը Ռուսաստանի քաղաքացի են, կամ նրանք, ովքեր «հավաքել են» համապատասխան փաստաթղթերը Ռուսաստան հասնելու համար:
2021 թվականին սահմանափակումների թուլացմամբ տեղի խոպանչիները (մարդիկ, որոնք արտերկրում են գումար վաստակում), և ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր գումար են վաստակում ոչ հայրենիքում, պատրաստ էին ամեն ինչի, որպեսզի փակեն համաճարակի տարում հավաքած պարտքերը: Շուկան իհարկե, դա զգաց: Ինչպես նաև ավիաընկերությունները և բոլոր փոխադրողները, որոնք գրեթե մեկ տարի միայն վնաս են կրել, բարձր գներ են սահմանել փոխադրման համար: Ջավախքից խոպանչու սովորական ուղին անցնում է Երևանով դեպի Ռուսաստան կամ այլ հետխորհրդային երկրներ՝ ինքնաթիռով:
Նախկինում Ախալքալաքից մինչև Երևան երթուղին արժեր 25 լարի, իսկ այժմ համաճարակի պատճառով գներն աճել են կրկնակի անգամ:
Փետրվարի 1-ից Հայաստանում գործարկվեց «Ճանապարհորդություն առանց COVID-19-ի» ծրագիրը, որը թույլ էր տալիս Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող ուղևորին հատել պետական սահմանը կորոնավիրուսի բացասական թեստով: Այսինքն՝ Ռուսաստան մեկնելու հնարավորություն ստեղծվեց։ Բայց ի սկզբանե ծրագիրը պիլոտային էր, մեկ ամսով։ Բոլորը վախենում էին, որ մարտի 1-ից հետո այդ հնարավորությունը չի լինի, դրա համար էլ շատերը 1000 ԱՄՆ դոլար են գտել Ռուսաստան մեկնելու համար, նույնիսկ չիմանալով՝ այնտեղ աշխատանք կունենան, թե ոչ: Ծրագիրը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Նրանք, ովքեր չէին կարողացել գտնել 1000 դոլար տոմս գնելու համար փետրվար ամսին, կարողացել են գտնել մարտին, քանի որ նրանք մտածում են, որ սա վերջին հնարավորությունն է արտագնա աշխատանքի մեկնելու: Տոմսերի գները պահպանվում էին բարձր մինչև ապրիլ ամիս, իսկ հետո սկսեց աստիճանաբար ընկնել. Սակայն, համեմատության համար նշենք, որ մինչ համաճարակը, գները հիմա էլ բարձր են: Այսօր կարելի է տոմս գտնել 200 դոլարով այն դեպքում, երբ նախկինում եղել է 120-150 դոլար։
Ի տարբերություն Վալերի, Արթուրը չի կարողացել հասնել Մոսկվա, չնայած նա նույնպես բավականին մեծ գումար ու ժամանակ է ծախսել, և առաջնորդվել գրեթե նույն սկզբունքով, ինչ Վալերը: Բայց Արթուրն ասում է՝ իմ բախտը չբերեց:
Արթուրը նույնպես Ախալքալաքի քաղաքապետարանից թույլտվություն է ստացել, կորոնավիրուսի թեստ հանձնել ու հասել Երևան, և միայն թռնելու պահին է իմացել, որ չի կարող թռնել, քանի որ Ռուսաստանը երեք տարով կասեցրել է իր մուտքը երկիր: Պատճառների մասին Արթուրը չգիտի: Այսպիսի «անակնկալի» առջև Ախալքալաքի շատ բնակիչներ են հայտնվել, ովքեր վերջին վայրկյանին են իմացել, որ իրենց մուտքը Ռուսաստան արգելվում է:
«Թվում էր ամեն ինչ լավ է, Մոսկվայում բեռնատարի վարորդի գործ կար, խոսել էի, պայմանավորվել, որ ամսական 75 000 ռուբլիով աշխատեմ (3000 լարի): Առաջին իսկ հնարավորության դեպքում ճանապարհ ընկա, բայց ինչպես պարզվեց մնացի Երևանում: Ռուսաստանը կասեցրել է իմ մուտքը երկիր, երեք տարի չեմ կարող գնալ: Դե մի տարին արդեն անցել է, անցած տարի փակ էր ճանապարհները ավտոմատ չգնացի, ուրիշ ելք չկա, պետք է սպասեմ մինչև ժամանակը լրանա», – պատմում է Արթուրը:
Վերջինս անակնկալի գալով որոշում է մնալ Երևանում: Ամիս ու կես հետո Արթուրը կարողանում է Հայաստանում աշխատանք գտնել: Այստեղ ևս որպես բեռնատարի վարորդ է աշխատում, սակայն անհամեմատելի ցածր աշխատավարձով:
«Մնալու տեղի խնդիր չունեմ, բարեկամներիս տանն եմ մնում: Կարևորը աշխատանք գտա, շատ թե քիչ գործ է, գիտես, որ ամսվա վերջ որոշակի գումար ունես: Հետ գնամ Ախալքալաք ի՞նչ անեմ: Հողագործությամբ զբաղվելու համար էլ ֆինանս չունեմ, որ հիմա նորից կարտոֆիլ ցանենք, պետությունից սպասում էինք, որ գոնե օգներ կարողանայինք իրանցնել մեր բերքը, բայց տեսաք ինչ եղավ, երկու տարի չենք կարող նույն սխալը թույլ տալ»,- նշում է նա:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 2019 թվականին Փոքր Սամսար գյուղում տնտեսապես ակտիվ բնակչության 15,5%-ն աշխատել է արտերկրում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, 59%-ը զբաղվել է գյուղատնտեսությամբ, 22,5%-ը երկամուտ է ստացել այլ ոլորտներից (կրթություն, առևտուր, առողջապահություն), իսկ 3%-ը՝ գործազուրկ է: 2020 թվականին համաճարակի պատճառով արտագաղթի մակարդակը նվազել է մինչեւ 1 տոկոս: Այլ ոլորտներում աշխատող մարդիկ գործազրկության պատճառով սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ, ուստի գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը հասել է 81 տոկոսի:
Թվերը լավատեսական են թվում, սակայն լավատեսության առիթ չեն տվել գյուղի բնակիչներին: Աշոտ Կուրղինյանը մտնում է Փոքր Սամսարի տնտեսապես ակտիվ հասարակության 15,5%-ի մեջ: 2019 թվականին նրա եկամուտը խոպանից կազմել է շուրջ 20 000 լարի, 2020 թվականին գրեթե նույնքան ֆինանսական վնաս է կրել:
Աշոտ Կուրղինյանն ընդգծում է, անտանելի վիճակ է ստեղծվել, ոչ գյուղացին կարողանում աճեցրած բերքն իրացնել, ոչ էլ խոպան գնալ, գնացողը տեղ չի հասնում, իսկ հասնողն էլ հազիվ ճանապարհի գումար է վաստակում:
«Այս տարի անտանելի է վիճակը, կարտոֆիլը ժամանակին չվաճառեցինք իբր պետք է թանկանար։ Այսօր ես մոտավորապես 10 տոննա կարտոֆիլ ունեմ, բայց այն արդեն իմ աչքին չի երևում, ոչ թե նրա համար, որ 10 տոննայի գինը ինձ համար փող չի, գյուղացու համար այդ փողը լավ էլ արժեք ունի, բայց եթե այդ փողը նունիսկ ծախսերը չի փակում, նշանակում է եկամուտ չկա:
Աշոտը վերջրես է Ախալցիխե կարտոֆիլ տարել վաճառելու: Կորցնելով հույսը, որը տեղում կկարողանա վաճառել, մեկին ասել է, որ 30 թեթրիով որպես անասնակեր կտա: Բայց գնորդը չի վերցրել, ասելով, որ այդ մեծ կարտոֆիլը անասունների համար պետք է մանրի, ավելի լավ է միանգամից մանր կարտոֆիլ գնի:
«Ինձ մնում է ուղղակի թափել կարտոֆիլն ու գնալ խոպան, էլ իմ աչքին չի երևում, կարտոֆիլը ես չեմ տեսնում որպես իմ ընտանիքի ապրուստի միջոց ու ոչ միայն ես, նույն պայմաններում է ամբողջ ժողովուրդը, կարտոֆիլն այլևս ապրուստի միջոց չէ մեզ համար»։
Աշոտ Կուրղինյան ճամպրուկն է հավաքում արտագնա աշխատանքի մեկնելու համար
Կովիդ-իրավիճակն ամբողջ աշխարհում բարդացրել է մարդկանց կյանքը։ Վրաստանում և կոնկրետ Ջավախքում վիրուսը շատերին է զրկել գումարից՝ ստիպելով ստեղծված իրավիճակից տարբեր ելքեր գտնել, որոնք, իրենց հերթին, չեն արդարացրել իրենց:
Աղունիկ Այվազյան