Հոկտեմբերի 15-ին Վրաստանում USAID առաքելության տնօրեն Փիթեր Ուիբլերն այցելեց Ջավախք: Այցի ընթացքում նա եղավ մի շարք հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գրասենյակներում:
Ախալքալաքում USAID առաքելության տնօրեն Փիթեր Ուիբլերն այցելեց նաև Jnews-ի գրասենյակ, որտեղ լրագրողների հետ զրույցի ընթացքում նա խոսեց Վրաստանում Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության մասին, որտեղ աշխատում է, խոսեց նաև ժողովրդավարական ընտրությունների կարևորության և փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել Վրաստանի անկախացումից հետո ընտրական գործընթացներում:
«Անկեղծ ասած, այս ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան ամսվա վերջին, շատ կարևոր են, և ինչպես գիտեք USAID-ն աջակցում է մի շարք դիտորդական կառույցների, ինչպես միջազգային, այնպես էլ տեղական վրացական կազմակերպություններին: Այս աշխատանքը հույժ կարևոր է ոչ միայն ընտրությունների համար, որոնք Վրաստանում դիտարկվում են միջազգային հանրության կողմից: Շատ կարևոր է, որ այս ընտրությունները լինեն հնարավորինս ազատ և թափանցիկ: Այնպես, որ ապագայում ձևավորվող կառավարությունն ու խորհրդարանը աշխատեն Վրաստանի բնակչության համար: Դա իսկապես շատ կարևոր է: Այսօր և վաղն այստեղ աշխատելով, դիտորդական տարբեր խմբերից լսելով և իմանալով իրավիճակի մասին, ոչ միայն Ախալքալաքում, այլև Նինոծմինդայում և Ախալցիխեում», – ասաց Փիթեր Ուիբլերը զրույցի ընթացքում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, իր հիմնադրամների և կազմակերպությունների օգնությամբ, որոնց թվում է նաև USAID-ը, Վրաստանին օգնում է ոտքի կանգնել, ունենալ կայուն տնտեսություն, ուժեղ քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարական կառավարություն և անկախ լրատվամիջոցներ, ինչպես նաև աշխատում է տարբեր այլ ուղղություններով:
«1992 թվականից ի վեր՝ Վրաստանում անկախության ձեռքբերումից ի վեր, ԱՄՆ-ի ներդրումը մեկ միլիարդ ԱՄՆ դոլար է կազմում: Ըստ իս, թվերից ավելի կարևոր են արդյունքները, որոնց մենք հասել ենք միասին», – ասաց Փիթեր Ուիբլերը: