Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները», – ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Արցախի գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է. «Մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել, և այս ուղղությամբ կարծես 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»:

Հովհաննիսյանն ասել է, որ դաշտավայրերից հետո «Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական խմբերի հրոսակախմբերը և այլք», փորձում են զարգացում ապահովել նաև լեռնային բարդ տեղանքում, որտեղ այնքան էլ հեշտ դա չի հաջողվում, և մարտավարական ավելի դժվար պայքար է ընթանում:

«Երեկ ինչպես ներկայացրի, հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումն այս պահի դրությամբ ունի հետևյալ տեսքը` ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր նաև փորձել են Բերդձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր` հաջողության չեն հասել», – ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հովհաննիսյանը` հավելելով, որ պատերազմի բնույթը որոշակի փոխվել է:

«Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել, բայց այս պայքարը, այս պատերազմը որոշակի բարդություն ունի: Հակառակորդն այլևս կորցրել է իր ահռելի քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը», – նշել է ՊՆ ներկայացուցիչը: