Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

Հայաստանում ակտիվորեն քննարկվում է կառավարության վերջին որոշումներից մեկը, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը համարժեք է փախստականի կարգավիճակին։ Նրանք կարող են նաև դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։

Արցախցիներն ասում են՝ ունեն կապույտ անձնագիր, ինչո՞ւ պետք է դիմեն նորն ունենալու համար։ Կառավարությունից պարզաբանում են՝ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն համարվում, ժամանակին նրանց տրված անձնագիրն ընդամենը «ճամփորդական փաստաթուղթ» է։ Ուստի անհրաժեշտ են համարում, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարգավիճակը հստակեցվի։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն «անհեթեթություն» է որակում «ճամփորդական փաստաթղթի» մասին պնդումները։ Ասում է՝ Արցախի բոլոր բնակիչները, բացի նրանցից, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն, հանդիսանում են ՀՀ քաղաքացի։

Ի՞նչ է առաջարկում Հայաստանի կառավարությունը, արցախցիների և փորձագետների կարծիքները

ԼՂ-ի հայերը Հայաստանի քաղաքացու կարգավիճակ չունեն

Հայաստանի կառավարության դիրքորոշումն է։ Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի խոսքով՝ այս դիրքորոշումը ներկայացրել են մինչև անգամ Եվրոպական դատարանում և պնդել՝ «փաստը, որ Լեռնաին Ղարաբաղի բնակչությունն ունի ՀՀ անձնագիր, չի նշանակում, որ նրանք համարվում են Հայաստանի քաղաքացի»։

«Համաձայնագիր է եղել, որի հիման վրա նշվել է, որ այդ անձնագրերը [«070» կոդով] ուղղակի տրվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին որպես travel document [ճամփորդական փաստաթուղթ], այսինքն՝ որպես փաստաթուղթ, որով հնարավորություն կլինի դուրս գալ երկրից, ճամփորդել»,- ասել է նա։

Փախստականի կարգավիճակ կամ ՀՀ անձնագիր

Արցախցիներն այս երկընտրանքի առջև են։ Նրանք արդեն իսկ համարվում են փախստականի կարգավիճակ ունեցող անձ, քանի որ հաշվառված են եղել Լեռնային Ղարաբաղում։

Փախստականի կարգավիճակ ունեցող են համարվում նաև 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո տեղահանված արցախցիները։

Այդ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը ստանալու համար պետք է դիմեն Միգրացիոն ծառայություն։ Վկայականը ստանալն այս պահին հրատապ չէ, սակայն ընդունված որոշման համաձայն՝ երեք ամիս անց երկրից դուրս գալու և վերադառնալու դեպքում անհրաժեշտ է լինելու «070» կոդով անձնագրի հետ միասին ներկայացնել նաև դա։

Փախստականի կարգավիճակում մնալու պարագայում Հայաստանում հաստատված արցախիցները զրկված կլինեն մի շարք իրավունքներից, օրինակ՝ ընտրելու և ընտրվելու, հանրային ծառայության անցնելու, կուսակցություններ հիմնելու կամ դրանց անդամագրվելու։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալուն, արցախցիների համար օրենքով նախատեսված է պարզեցված ընթացակարգ։ Օրինակ՝ երեք տարվա մշտական բնակության, հայերենին տիրապետելու կամ Սահմանադրությանը ծանոթ լինելու հանգամանքը հաշվի չի առնվելու, պարտադիր չի համարվելու։

«ԼՂ-ի հայերի իրավունքները պաշտպանելու հնարավորությունները կընդլայնվեն»
Կառավարության որոշման ընդունումից մեկ օր առաջ խորհրդարանում նման տեսակետ էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել՝ «բոլոր քննարկումների արդյունքում մեր իրավաբան գործընկերները եկել են այդ եզրակացության, որ պետք է գնանք այդ ճանապարհով», այն է՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրել ԼՂ-ից հայերին։

«Դա հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»,- նախագիծը ներկայացնելիս ասել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Մինասյանն ընդգծել էր՝ «ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական», ինչը նշանակում է․

«Օգտվում են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից»։

«Թաքնված սպառնալիքներ կարող է պարունակել»

Արցախցի, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանն ասում է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում պետք է հրաժարվեն իրենց նախկին կյանքից, նույնիսկ՝ կենսագրությունից:

«ՀՀ քաղաքացի դառնալով, արցախցին կզրկվի միջազգային դատարաններ, ատյաններ դիմելու և իր կորցրած տան, գույքի փախհատուցման պահանջով: Կզրկվենք նաև Արցախի Հանրապետության հանդեպ մեր պահանջատիրությունից և մի քանի տարի հետո հնարավորություն չենք ունենա ապացուցելու, որ ապրել ենք մեր պապերի հողում»,- կարծում է նա։

Քարամյանի դիտարկմամբ՝ փախստականի կարգավիճակ ստանալու դեպքում փոխհատուցման, պահանջատիրության հնարավորությունները կպահպանվեն, արցախցիները կստանան փախստականի նպաստ և արտոնություններ, սակայն կզրկվեն իրենց վաստակած թոշակներից։

Մարգարիտա Քարամյանը կասկածներ ունի, որ այս կարգավիճակն իր մեջ նաև թաքնված սպառնալիքներ կարող է պարունակել։ Ասում է՝ 2021 թ․-ին Հայաստանի և Արցախի կառավարությունները պայմանավորվել էին ՀՀ տարածքում արցախցիների համար ծրագրեր չիրականացնել, ապահովել տեղահանվածների վերադարձը Արցախ։ Հարցնում է՝ «հնարավո՞ր է արդյոք, որ վաղն էլ ՀՀ կառավարությունը պնդի, թե Ադրբեջանը երաշխավորում է Արցախի հայերի վերադարձը, և բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ժամանակավոր փախստականի կարգավիճակ, պետք է վերադառնան Արցախ»։

«Ներկայիս ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության պարագայում ոչինչ բացառել չի կարելի»,- հայտարարում է նա։

Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է «արցախցու հավաքական կերպարը տրոհել»․

«Դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ արցախցին հրաժարվում է իր իրավունքներից, չի պահանջում այլևս վերադառնալ Արցախ, և Արցախի հարցը դառնում է սոսկ տարածքային հարց, մինչդեռ այն երբեք տարածքային խնդիր չի եղել»։

Մեկնաբանություններ

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն ասում է՝ արցախցիների քաղաքացիություն ստանալու մասին խոսելը սխալ է, Արցախի՝ ՀՀ անձնագրեր ունեցող բնակիչներն արդեն իսկ Հայաստանի քաղաքացիներ են։

«Կարգավիճակ կոչվածն ընդամենը ֆիկցիա է, ու եթե ճիշտ եմ հասկանում՝ դա բխել է հենց արցախցիների մի մասի պահանջից, որ իրենց տրվի հատուկ կարգավիճակ»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։

Բարձրացված աղմուկը նրա համար անհասկանալի է։ Պնդում է՝ ոչ ոք չի կարող քաղաքացուն զրկել քաղաքացիությունից։ Մասնագետից հետաքրքրվել ենք՝ եթե արցախցիները հաշվառվեն նոր՝ հայաստանյան հասցեում դա հետագայում կարո՞ղ է ազդել նրանց՝ ԼՂ-ում ունեցած իրավունքների, այդ թվում՝ գույքի փոխհատուցման պահանջի իրացման վրա։

«Միջազգային իրավունքի տեսանկյունից ազդեցություն չի ունենալու»,- պատասխանել է Խզմալյանը։

Նրա խոսքով՝ փոփոխություններ կարող են լինել ներպետական իրավունքով և ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի մասով։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը փախստականի կարգավիճակի սահմանումը կարևոր է համարում միջազգային հարթակներում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում․

«Այդ իրավունքների պաշտպանության աշխատանքը և քաղաքականությունը պետք է կառուցվի անհրաժեշտ բոլոր հիմքերով, դրանցից մեկն էլ թերևս փախստականի կարգավիճակն է»։

JAMnewsի հետ զրույցում Բադալյանը նշել է, որ իրավունքների պաշտպանությունը սկզբունքային խնդիր է, միևնույն ժամանակ՝ բարդ, երկարատև գործընթաց։ Նրա դիտարկմամբ՝ այդ աշխատանքին զուգահեռ պետք է նաև Հայաստանում արցախցիների համար «կյանք կառուցելու հնարավորություն» ստեղծել։

«Խնդիրն այն է, թե մարդկանց ինչ ես առաջարկում։ Եթե այդ առաջարկը բավարարում է նրանց կարիքները և նրանց համար ձևավորում է որոշակի տեսանելի, կանխատեսելի հեռանկար, որևէ մեկն ինքնանպատակ չի դժգոհի»,- երկընտրանքի առջև կանգնելու մասին արցախցիների բողոքներին արձագանքել է նա։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ դժգոհությունները դուրս կգան օրակարգից, եթե խնդիրների լուծումն ու կառավարումը լինի էֆեկտիվ, հարցերն, ըստ նրա, անլուծելի չեն։

Ըստ Բադալյանի՝ Հայաստանի կառավարության հետ միասին աշխատանք պետք է տանի նաև Արցախի ղեկավարությունը։ Ասում է՝ անհրաժեշտության դեպքում կարող են իրավունքի, սոցիալական և այլ ոլորտների մասնագետներ ներգրավել, օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել։