Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին առավոտյան տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը:
Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատերազմական կորուստներ
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի ռազմական իշխանությունները հրապարակել են Ադրբեջանի դեմ մարտերում զոհված եւս 23 զինծառայողների անուններ:
Այսպիսով, հաշվի առնելով ավելի վաղ հրապարակված տվյալները՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս հայկական կողմն արդեն հայտնել է 555 զինծառայողի մահվան մասին:
Ադրբեջանը չի հրապարակում իր ռազմական կորուստների մասին տվյալները՝ պատճառաբանելով, որ այս պահին դա «ռազմական գաղտնիք է»:
Թուրքիան 6 անգամ ավելացրել է Ադրբեջանին զենքի մատակարարումը. Վիճակագրություն
Ըստ «Reuters» գործակալության տվյալների՝ Թուրքիան այս տարի 6 անգամ ավելացրել է զենքի մատակարարումները Ադրբեջան: Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալները՝ 61 ոլորտում գործող ավելի քան 95 հազար ընկերությունների վերաբերյալ, «Reuters»-ը նշում է, որ միայն այս տարվա ինն ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից 123 միլիոն դոլար գումարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ է ձեռք բերել:
Ավելին` գործակալության տվյալներով, անօդաչուների և ռազմական նշանակության այլ տեխնիկայի Ադրբեջան մատակարարումների մեծ մասն իրականացվել է հուլիս ամսվանից հետո, երբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում:
Այսպիսով, անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ սարքավորումների վաճառքը կտրուկ աճել է հուլիսին 278,880 դոլարից՝ օգոստոսին հասնելով 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին՝ 77,1 միլիոն դոլարի:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ինն ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից զենք է գնել ընդամենը 20 միլիոն դոլարի չափով: Սույն վիճակագրության համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը հայտնվել էր թուրքական զենքի ներկրողների ցուցակի առաջին տեղում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից:
Միջազգային հանրություն
Պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները ԱՄՆ-ի իշխանութունների ուշադրության կենտրոնում են։
«Մենք տեսնում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները, մենք տեսնում ենք նաև, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային դերակատարներին հեռու մնալ այդ տարածաշրջանից՝ չխորացնելով խնդիրները։ Աշխատում ենք այդ ուղղությամբ օգտագործելով մեր դիվանագիտական գործիքակազմը, որպեսզի կարողանանք հասնել հրադադարի և խնդրի այնպիսի լուծման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Էրդողանի պնդմամբ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը պետք է լինի Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձը Բաքվին:
«Ադրբեջանն ընդամենը ցանկանում է վերականգնել հսկողությունն իր տարածքների նկատմամբ: Բայց Մինսկի խումբը, մասնավորապես Ամերիկան, Ֆրանսիան և Ռուսաստանը, անվերջ ձգձգում են։ Ահա այն միակ բանը, որ պետք է անի Մինսկի խումբը՝ անմիջապես ավարտել բանակցությունները և տարածքները վերադարձնել տիրոջը», – ասել է Էրդողանը:
Վաշինգտոնը, Փարիզը և Մոսկվան դեռ չեն արձագանքել Թուրքիայի ղեկավարի հայտարարությանը: