Արդեն երկու օր շարունակ ադրբեջանական և վրացական տարբեր լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են տեղեկություն առ այն, որ Վահագն Չախալյանը զոհվել է Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ։

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ ժամանակ առ ժամանակ փորձում են Ջավախքն ու ջավախահայությանը խառնել հայ-ադրբեջանական հարաբերություններին տարածելով կեղծ լուրեր: Երբեմն այդ լուրերն առանց ստուգելու հաստատում և տարածում են վրացական լրատվամիջոցները։ Հատկապես այն պայմաններում, երբ պատերազմող երկրների միջև Վրաստանը չեզոք երկրի դիրքերից է հանդես գալիս:

Վրացական լրատվամիջոցները նշում են, որ Վահագն Չախալյանը և նրա վարձկան ընկերները Ջավախքից զոհվել են Ղարաբաղում։ Այստեղ ուշադրության է արժանի այն փաստը, որ հենց Ղարաբաղում սկսվեց պատերազմը ջավախահայերը կամավորագրվեցին և այսօր էլ շարունակում են կամավորագրվել, որպեսզի ռազմաճակատ մեկնեն:

Այս տեղեկատվությունը մի քանի րոպե առաջ Վահագն Չախալյանը հերքեց:

«Եկել եմ ասեմ, որ ադրբեջանական և վրացական (ալիևամերձ և սահակաշվիլիամերձ) մամուլում երեկ տարածված ինֆորմացիան, չի համապատասխանում իրականությանը:

Հ.Գ. իլյուշ, այ իլյուշ քո հետախուզությունն ու ՀՀ-ում և Վրաստանում գործող գործակալական ցանցը, քեզ հերթական անգամ սխալ տեղեկություն են մատուցել, ապակողմնորոշելով տխմարներիդ: Ինչպես տեսնում եք, ես ողջ և առողջ եմ և ինչպես կասեր դասականը, ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու քո և միշիկոյի հուղարկավորությունների ժամանակ…

Հ.Հ.Գ. այս կեղծ լուրից Ադրբեջանում և Վրաստանում ուրախացողների և բերկրանքից հրճվողների մասով ամեն ինչ պարզ էր, այ ՀՀ ում ուրախացողների և հրճվողների շրջանակների մասով, կխոսեմ պատերազմի ավարտից հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վահանգն Չախալյանը:

Չախալյանը ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 28-ին, պատերազմի երկրորդ որը, կամավորական ջոկատի կազմում: