Վերականգնվելու է Բաթումի-Ախալցիխե ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածը, որի արդյունքում այն կարող է օգտագործվել որպես ուղանցում: Սամցխե-Ջավախքից Աջարիա հասնելու ժամանակը կկրճատվի 1,5 ժամով:

Գոդերձիի լեռնանցքով 42-կիլոմետրանոց Խուլո-Զարզմա ճանապարհի վերականգնումը կիրականացվի «Powerchina/Sinohydro» ընկերության կողմից: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի կայքի համաձայն՝ միջազգային տենդերը շահած ընկերության հետ պայմանագիրն արդեն կնքված է:

«Խուլո-Զարզմա նորացված կարճ ճանապարհով իրար կմիացնի Սամցխե-Ջավախքի և Աջարիայի շրջանները: Ճանապարհն անցնում է բարդ երկրաբանական ռելիեֆով, և դրա կառուցումն ու վերանորոգումը կնպաստեն Վերին Աջարիայի և Սամցխե-Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն Բեշումի լեռնադահուկային հանգստավայրը կապում է Բաթումիի և Թբիլիսիի հետ: Նախագծի իրականացման արդյունքում Աջարիայի ծովային և լեռնային տուրիզմը կմիավորվի մեկ զարկերակում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ճանապարհի շինարարությունը ֆինանսավորվում է Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի կողմից: Երկամյա ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 95,7 միլիոն լարի է:

Զուգահեռաբար վերանորոգվում է Խուլո-Զարզմա ճանապարհի մնացած հինգ կիլոմետրանոց հատվածը, որը ֆինանսավորվում է պետբյուջեից:

Բաթումի (Անգիսա) – Ախալցիխե մայրուղու նախագիծը բաժանված է երեք ճանապարհահատվածի: Ընդհանուր առմամբ կվերականգնվի ճանապարհի 47 կիլոմետրը և յոթ կամուրջներ: Տվյալ հատվածում կկառուցվի երկհոսք ասֆալտբետոնե ճանապարհ:

Խուլո-Զարզմա ճանապարհի շինարարության և վերանորոգման միջազգային տենդերը վերահայտարարվել էր այն բանից հետո, երբ «Թոդի» կապալառու ընկերության հետ պայմանագիրը խզվել էր պարտավորությունները չկատարելու պատճառով, և արդյունքում պետությունը բանկային երաշխիքների տեսքով ստացել էր մոտ 10 միլիոն լարի (ավելի քան 3,1 միլիոն դոլար):