Ախալքալաքի դպրոցներում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում, այսօրվանից վերականգնվել է ուսման պրոցեսը: Դասերը կրկին կհետաձգվեն, թե ոչ դեռ հայտնի չէ:
Դպրոցները Կրթության և գիտության նախարարությանը տեղեկություն են հաղորդում աշակերտների դպրոց հաճախելու, հիվանդության պատճառով նրանց բացակայության մասին ու այդ տեղեկության հիման վրա նախարարությունը որոշում է հետաձգել դասերը դպրոցներում կամ ոչ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի առաջարկությունների հիման վրա Վրաստանի բազմաթիվ դպրոցներում ուսման պրոցեսը ընդհատվել էր 3 օրով: Սկզբում Ախալքալաքի շրջանում ուսման պրոցեսը ընդհատվել էր 22 դպրոցներում: Որոշ դպրոցներ ընդհանրապես չեն դադարեցրել աշխատանքը, որոշ դպրոցներ ազատ են արձակվել 2 օրով, իսկ որոշ դպրոցներ՝ 1 օրով: Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրերի հաշվին:
«Դպրոցները իրենք են որոշում, թե երբ անցկացնել բաց թողնված դասերը, դա կլինի այն ժամանակ, երբ հարմար կլինի դպրոցին: Հավանաբար, բաց թողնված դասերը կանցկացվեն հետո, երբ օրերը տաքանան: Նրանք իրենք կկազմեն գրաֆիկը », – ասել է Ախալքալաքի կրթության ռեսուրս կենտրոնի տնօրեն Նարցիս Կարապետյանը:
Աշխատանքը վերականգնել են նաև Ախալքալաքի մանկապարտեզները: