Մարտի 8-ին, Ախալքալաքի տեղական իշխանություններն ու հոգևորականները յուրովի շնորհավորեցին նոր մայրացած կանանց ու բժիշկներին:
Առավոտյան հոգևորականների և պաշտոնյաների անակնկալ այցը հիվանդանոց հաճելի իրարանցում առաջացրեց հիվանդանոցում: Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ Սեդա Մելքումյանի և Հակոբ Չախմախչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Տեր Եղիշե քահանա Հարությունյանի հետ ծաղիկներ ու բարեմաղթանքներ նվիրեցին ծննդկաններին ու բժիշկներին:
Ախալքալաքի հիվանդանոցի 5 նորածիններին տեսնելով տղամարդիկ խոստովանեցին. «Կինը եղել է և մնում է ընտանեկան ջերմության և ավանդույթների իրական պահապանը»:
Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Կանանց միջազգային օրը առաջինը նշվեց 1911 թվականի մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա: 1912-ին տոնը նշվեց մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Ռուսաստանում և Ֆրանսիայում՝ մարտի 2-ին: Եվ միայն 1914 թվականին մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:
1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:
Աղունիկ Այվազյան