Այսօրվա դրությամբ Ախալքալաքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3 դեպք: Քաղաքում, այսօր, կարանտինի պատճառով փակվել է «Credo» բանկի մասնաճյուղը, քանի որ աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19: Մյուս երկու դեպքերը նույն ընտանիքի անդամներ են:

«Credo» բանկի վարակված աշխատակցի թեստի պատասխանը եկել է այսօր առավոտյան: Բանկի բոլոր աշխատակիցներն այսօր թեստավորվել են, և ինքնամեկուսացվել:

«Հոկտեմբերի 1-ին, սովորական ջերմաչափման ժամանակ, մեկ աշխատակցուհու մոտ հաստատվել է բարձր ջերմություն, նրան ուղարկել են տուն և նա անմիջապես թեստավորվել է: Միջոցառման ընթացքում աշխատակիցը շփվել է վարակված անձի հետ: Թեստը դրական է եղել, հետեւաբար, բոլորին անմիջապես աշխատանքից ազատ են արձակել և նրանք ինքնամեկուսացվել են: Երբ հետազոտման բոլոր միջոցառումներն ավարտվեն, մեզ թույլտվություն կտրվի, և մասնաճյուղը կսկսի աշխատել: Կաշխատեն բանկի պահեստային աշխատակիցները », – ասացին Կրեդո բանկի կենտրոնական գրասենյակից:

Կորոնավիրուսով վարակվածն իրեն լավ է զգում:

«Առավոտյան ես ջերմություն չեմ ունեցել, հիմա ունեմ մոտ 38 աստիճան, այս պահին ընդհանրապես հազ չունեմ, ես պարզապես ունեմ ֆարինգիտ, և կոկորդումս մի փոքր տհաճ զգացողություւներ կան: Ուզում եմ ասել, որ չգիտեմ որտեղից եմ հիվանդացել, հղի կնոջ հետ կապի մեջ չեմ եղել և չեմ եղել Բաթումիում: Ես խոսել եմ միայն կորոնավիրուս ախտորոշված հղի կնոջ հարազատների հետ, սակայն նրանց թեստը բացասական էր: Իմ 2.5 տարեկան երեխայի թեստի պատասխանը նույնպես բացասական է: Տնեցիներիս նույնպես թեստավորել են, սպասում ենք պատասխանի: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի վարակվել և ումից », – ասաց հիվանդը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը հայտնեց, որ իրենք արդեն ավարտել են «Credo» բանկի մասնաճյուղի բոլոր աշխատակիցների թեստավորումը, ընդհանուր առմամբ կատարվել է 28 թեստավորում: Թեստավորման ժամանակ ոչ ոք ջերմություն չի ունեցել:

«Մենք արդեն ավարտել են թեստավորումը, պատասխանները կլինեն երկու-երեք օրից», – ասաց նա:

Բանկի շենքում ախտահանման միջոցառումներ դեռ չեն իրականացվել, և Ավետիք Տոնականյանի խոսքով, իրենք դեռ չգիտեն, թե ով է դրանք իրականացնելու:

Ախալքալաքում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր հոկտեմբերի 2-ին, Ախալքալաքի մի բնակչի մոտ, որը նախօրեին ծննդաբերել էր Ախալքալաքի հիվանդանոցում: Ստուգվել են ծննդկանի հարազատները և բժշկական անձնակազմը: Նրանցից, միայն ամուսնու մոտ է հաստատվել COVID-19- ը, թեստավորումների մնացած արդյունքները բացասական են եղել:

Այս պահին կորոնավիրուսով վարակված Ախալքալաքի երեք բնակիչներն էլ գտնվում են Թբիլիսիի կլինիկաներում: Ախալքալաքում եւս 38 մարդ սպասում է թեստերի պատասխաններին: