Թբիլիսին հերթական անգամ հերքել է Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք մատակարարելու մասին տեղեկությունը: Համապատասխան հայտարարությունն այսօր կատարել է Արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան:
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին ավելի վաղ Վրաստանը արգելել էր ռազմական բեռների տեղափոխումը Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով:
«Մենք տեսնում ենք, որ սոցցանցերում տարածվում է ապատեղեկատվություն և տարբեր կեղծ լուրեր՝ Վրաստանով զենք տեղափոխելու վերաբերյալ: Բոլորովին վերջերս տեղեկատվություն է տարածվել, որ Վրաստանի տարածքով զենք է մատակարարվել Ադրբեջան, ինչը ապատեղեկատվություն է», – հայտարարել է Դարսալիան:
Դիվանագետը հավաստիացրել է, որ Վրաստանը կշարունակի կատարել իր միջազգային պարտավորությունները: Միևնույն ժամանակ, փոխարտգործնախարարը բոլորին հորդորել է լուրերի փոխանակման ժամանակ վստահելի և հուսալի աղբյուրներին վստահել:
«Ուզում եմ հայկական կողմին կոչ անել՝ չտրվել ապատեղեկատվությանը: Վրաստանը շարունակում է իրականացնել իր միջազգային պարտավորությունները, և ես ուզում եմ կոչ անել բոլորին, կիսվել և վստահել միայն հուսալի աղբյուրներին»,- ասել է Դարսալիան:
Հոկտեմբերի 3-ին Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացները, տարածաշրջանում լարված իրավիճակը, ինչպես նաև զարգացման հնարավոր սցենարներն ու անվտանգության ռիսկերը: Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել ցանկացած տեսակի դեէսկալացիային և հարթակ առաջարկել խաղաղ բանակցությունների համար: