Դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ամբողջ գիշեր և դեկտեմբերի 16-ի առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ադրբեջանցիները լուսանկարներ ու տեսանյութ էին տարածել, թե 44 փոխանակված հայ գերու փոխարեն 100 նոր գերի են վերցրել։ Լուսանկարում և տեսանյութում հայկական համազգեստով զինվորականներ են երևում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում` պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից: